Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 16:15 30-06-2026

Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Բաքվի բանտից 2026 թվականի հունվարին վերադարձած Գևորգ Սուջյանը, ով ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում, հունիսյան տեսանյութերից մեկում ուշագրավ հայտարարություն է արել։ Նա նշել է, որ անազատության մեջ գտնվելու տարիներին Սյուզաննա (Սյուզկա) Հարությունյանը միակ անձն է եղել, ով իրեն հագուստ և անհրաժեշտ այլ իրեր է փոխանցել։

Նշենք, որ Սյուզկա Հարությունյանը զբաղվում է հագուստի առևտրով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նա ավելի վաղ աշխատել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող մթերային խանութներից մեկում, որը պատկանում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի ընտանիքին։

Հիշեցնենք՝ «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» ՀԿ հիմնադիր Գևորգ Սուջյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ այն բանից հետո, երբ ստորագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սակայն պաշտոնապես չէր հայտարարվել, որ Շուշի-Բերձոր ճանապարհով երթևեկությունն արգելվում է, քանի որ այն հատվածաբար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սուջյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Նա հայրենիք է վերադարձել 2026 թվականի հունվարի 14-ին:

Վերադարձից հետո Գևորգ Սուջյանը հանդես է եկել մի շարք հարցազրույցներով և ուղիղ եթերներով՝ պատմելով բանտային պայմանների խստության, կրած հոգեբանական տանջանքների և խոշտանգումների, ինչպես նաև իրավական գործընթացների մասին՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հայտնի է, որ Բաքվի բանտերն աչքի են ընկնում խիստ մեկուսացմամբ, իսկ կապն ու հանձնուքների փոխանցումը կալանավորվածներին սովորաբար իրականացվում են բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերահսկողությամբ։

Ուստի՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին Կարմիր խաչի պաշտոնական խողովակը ևս փակվեց՝ օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր եղել մասնավոր ճանապարհով հագուստ կամ այլ իրեր հասցնել Բաքվի մեկուսարան։

Ինչպես Գևորգ Սուջյանն է հայտնում համապատասխան տեսանյութում, գործարար Սյուզաննա Հարությունյանին նա ճանաչել է դեռևս 2018 թվականից։

Oragir.News-ի հետ զրույցում Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ճանապարհով է իրականացվել հագուստի փոխանցումը, ասաց․ «Փոխանցումը կատարվել է բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Դա թույլատրված է եղել բոլոր գերիների ընտանիքներին: Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ՝ տարին մոտ երկու անգամ, թույլատրում էր Կարմիր խաչի միջոցով հանձնուքներ փոխանցել: Սակայն վերջին երկու տարիներին այդ հնարավորությունը չկար: Ավելի ստույգ՝ վերջին շրջանում, երբ արդեն մոտենում էր Գևորգի վերադարձի ժամանակը, Կարմիր խաչի այդ խողովակը փակվեց, և այլևս չկարողացանք ոչինչ փոխանցել»:

Սյուզաննա Հարությունյանի վերաբերյալ հարցին՝ արդյոք միայն Գևորգի՞ն է հագուստ ուղարկել, թե՞ նաև մյուս գերիներին՝ Լիլիթ Սուջյանը պատասխանեց․ «Միայն Գևորգին, որովհետև նա մեր ընտանիքի մտերիմ ընկերն է՝ դեռևս մինչև գերությունը: Այդ ողջ ընթացքում նա հետաքրքրվել է մեզանով, միշտ մեր կողքին է եղել և պարզապես ցանկություն էր հայտնել իր կողմից հագուստ նվիրել Գևորգին»:

Նկատենք, որ վերադարձից անմիջապես հետո՝ 2026-ի հունվարի 25-ին, Գևորգ Սուջյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընթացքում աջակցել ու օգնել է իր ընտանիքին։ Նա իր երախտագիտությունը հայտնեց անձամբ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին:

Այս հայտարարությունից հետո մամուլում և քաղաքական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ Սուջյանը կարող է ընդգրկվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա ընտրական ցուցակում։ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։ Այնուամենայնիվ, երբ հրապարակվեցին ընտրություններին մասնակցող ուժերի պաշտոնական տվյալները, պարզ դարձավ, որ Սուջյանը ՔՊ ցուցակում չկար։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»
18:32 Բարով ես ծնվել, իմ ամենամեծ սեր. Լուիզա Ղամբարյանը շնորհավորել է դստեր տարեդարձը
19:12 Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ