Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 16:00 26-06-2026

Ո՞ւմ կողմից է Ավինյանը՝ Փաշինյանի՞, թե՞ ժողովրդի

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Տարօրինակ վարք է դրսևորում քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Անհասկանալի է, թե ի՞նչ արժեքներով ու առաջնահերթություններով է առաջնորդվում նա։

Օրեր առաջ՝ հունիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից մաքրել են 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը։ Սա հանրային մեծ վրդովմունք է առաջացրել։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են ջնջել հերոսի դիմանկարը։

«Վարչական շրջանն է իրականացնում այդ աշխատանքները՝ բարեկարգման ծրագրի շրջանակում։ Ընդհանուր մաքրման աշխատանքներ են կատարվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել էր Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ գետնանցման պատից 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի դիմանկարի մաքրմանը։

Իսկ ինչո՞ւ տարիներ շարունակ չէին մաքրում քաղաքի այս հատվածները։ Ողջամիտ կասկած կա, որ սա անում են չբարեկամների պահանջով։ Ենթադրելի է, որ պատերազմում պարտվածին պարտադրել են քաղաքի պատերից ջնջել այսպիսի դիմանկարները, որոնք կարող են հայրենասիրություն ներշնչել, մղել քաղաքացիներին սխրանքների, հերոսությունների։

Այս տրամաբանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Տիգրան Ավինյանը գործել է Նիկոլ Փաշինյանի թելադրանքով։ Փաշինյանը որոշում է ջնջել հերոսների դիմանկարները, և Տիգրան Ավինյանը Երևանում իրականացնում է այդ որոշումը։

Այս երևույթին հակառակ բան է տեղի ունեցել միաժամանակ։ Վահագնի արձանն է տեղադրվել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Այն բացել է անձամբ Ավինյանը։

Հայտնի է, որ Վահագնը պատերազմի աստվածն էր հին հայկական դիցարանում։ Հեթանոսների կարծիքով՝ ինչ-որ ժամանակ անց Հայաստանը կհզորանա ու կվերականգնի իր ազգային իրավունքները։ Եվ այդ պայքարում մեզ կառաջնորդի ու հաղթանակով կպսակի Վահագնը։ Այս առումով՝ Վահագնի արձանի տեղադրումը քաղաքապետարանի դիմաց կարելի է դիտել որպես ոգեկոչում դեպի պատերազմ։

Ակնհայտ է, որ Վահագնի արձանի տեղադրումը հակասում է գետնանցումների պատերից հերոսների գրաֆիտիները ջնջելուն։ Տպավորություն է, որ Տիգրան Ավինյանը անձի երկվություն ունի։ Անհասկանալի է՝ նա պարտվողական քաղաքականության որոշողներից մե՞կն է, թե՞ ռևանշիստ, որը Վահագն աստծո առաջնորդությամբ պատրաստվում է նոր պատերազմի ու նոր հաղթանակների։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի ավագանու որոշմամբ Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ, որը մեծ ժողվրդականություն էր վայելում և արևմտամետության խորհրդանիշներից մեկն է։ Ոմանք լավատեսություն են հայտնում, որ Ավինյանն, ի հեճուկս Փաշինյանի, դեսովետիզացման կուրս է վարում։ Ավելին՝ ասում են, թե Արևմուտքը մտադիր է առաջիկա ընտրություններում Տիգրան Ավինյանին վարչապետ դարձնել և նրա միջոցով արագացնել Հայաստանի անկախության և ժողովրդավարության բարեփոխումների իրականացումը, մեծացնել Հայաստանի կշիռը տարածաշրջանում, օգնել, որ Հայաստանը վերականգնի ազգային իրավունքները ՀՀ տարածքում և վերահսկողությունը Արցախի նկատմամբ։

Կարճ ասած՝ եթե Ավինյանը հաջորդ վարչապետի թեկնածուն է, և նրան սատարելու է Արևմուտքը, ապա քաղաքապետի խոսնակը ճիշտ է ասում․ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի գրաֆիտին միտումնավոր չեն ջնջել, և շուտով այն կվերականգնվի նույն կամ ավելի երևացող տեղում։ Վահագնի արձանի տեղադրմամբ էլ ակնարկում են, թե պատերազմով վերականգնելու են ազգային իրավունքներն ու ժողովրդի կորուստները։

Իսկ եթե այս ամենը երևակայության արգասիք է, ապա առաջիկայում Երևանի պատերից կջնջվեն նաև հերոսների մյուս գրաֆիտիները, ընդհանրապես՝ ամենը, ինչ կապված է պատերազմի հետ։ Իսկ Վահագնի հետ կապված նոր առասպել կհորինեն ու նրան կներկայացնեն որպես թավշյա հեղափոխության խորհրդանիշ, որը խեղդում է նախկին օլիգարխներին, ունեզրկում ու հալածում ընդդիմադիրներին։

Այս անորոշ կասկածներին կարող է վերջ դնել Ավինյանը և, առանց խոսնակի, պարզաբանել, թե ո՞վ է ինքը, ի՞նչ իդեալ ունի, ինչո՞ւ է պատերազմի աստծո արձանը տեղադրում քաղաքապետարանի դիմաց, երբ Փաշինյանը խաղաղության օրակարգն է առաջ մղում, և ինչո՞ւ է հերոսների դիմանկարները Երևանի պատերից ջնջում, երբ Փաշինյանն ամեն խոսքի վերջում ասում է՝ «փա՜ռք նահատակներին»։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան
23:05 Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի