Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:24 18-12-2021

ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման արդյունքում․ Արմեն Պապիկյան

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվեց առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում:

Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշեց, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:

Արմեն Պապիկյանը նշեց, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվեց տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան