Նիկոլ Փաշինյանի՝ «այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, թող հեղափոխություն անեն» հայտարարությունից հետո
Oragir.News-ը շրջել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե արդյոք այսօր Հայաստանում տեսնո՞ւմ են որևէ քաղաքական կամ հասարակական ուժ, որը կարող է Փաշինյանի դեմ հեղափոխություն իրականացնել։
Քաղաքացիների պատասխանները, ինչպես հաճախ է լինում, բազմազան ու հակասական էին։
Հարցվածների մի մասը համոզված էր, որ ներկայումս նման ուժ պարզապես գոյություն չունի։
«Չկա, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ չկա։ Եթե նման ուժ լիներ, մենք այդ ուժին կընտրեինք որպես երկրի ղեկավար։ Փաշինյանի փոխարեն ուրիշ մարդ չենք տեսնում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ հարցված էլ ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտում միասնության բացակայությունն է հիմնական խնդիրը. «Միավորում չկա։ Կեսը սպիտակ են, կեսը՝ սև, կեսը՝ կարմիր։ Եթե հայ ժողովուրդը չմիավորվի, դժվար է որևէ բան փոխել»։
Եղան նաև քաղաքացիներ, որոնք ցանկություն հայտնեցին, որ այդպիսի ուժ լինի, որը կկարողանա իշխանափոխության հասնել։
«Շատ կուզենայինք, որ նման ուժ լիներ, բայց այս պահին չեմ կարող ասել, որ կա։ Երևի դեռ չի ձևավորվել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի ասաց, որ թեև ցանկանում է Փաշինյանի հեռանալը, չի կարող վստահորեն նշել, թե ով կարող է փոխարինել նրան.
«Ցանկանում եմ, որ ազատվենք Փաշինյանից, բայց չեմ կարող ասել՝ ո՞վ կամ ո՞ր ուժը կարող է դա անել»։
Միևնույն ժամանակ, հարցվածների մի մասն աջակցություն հայտնեց գործող իշխանությանը և համոզմունք հայտնեց, որ այսօր Փաշինյանին այլընտրանք չկա։
«Փաշինյանից այն կողմ մարդ չենք տեսնում։ Մնացածը նույն մարդիկ են»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Հայաստանը հանգիստ ապրում է, մարդիկ բողոք չունեն։ Նրանք, ովքեր դժգոհ են, հիմնականում նախկին համակարգի հետ կապված մարդիկ են»։
Եղան նաև քաղաքացիներ, որոնք կարծիք հայտնեցին, թե փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է։
«Միայն ժողովուրդը կարող է նման բան անել»,– ասաց հարցվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։