Ուղիղ 34 տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, ռուս-ադրբեջանական միացյալ ուժերը զավթեցին Արծվաշենը։ 34 տարի ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը օկուպացված է։ Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, ում տարածքը օկուպացված է, սակայն դրա վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր չկան։ Այսինքն՝ 34 տարվա ընթացքում Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու պահանջով երբևէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չի էլ դիմել։
34 տարում ՀՀ իշխանությունը Արծվաշենը վերադարձնելու ուղղությամբ քաղաքական, հանրային մակարդակում ևս ոչինչ չի ձեռնարկել։ Նույնիսկ գույքային պահանջներ չի ներկայացրել։ Ավելին՝ ըստ փորձագետների տեղեկությունների՝ քաղաքացիներին հորդորել է եղած պահանջները հետ վերցնել։
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը Արծվաշենի վերադարձի օրակարգ չի ձևավորում, և ինչպե՞ս է հնարավոր հետ բերել մեր պետության մի մասը։
ՔՊ-ական իշխանությունները Արծվաշենի վերաբերյալ միանշանակ դիրքորոշում չունեն։ Չկա տեղեկատվություն, թե այս հարցը երբևէ քննարկվել է հայ-ադրբեջանական բանակցություններում։ Կա ընդհանրական վերաբերմունք, թե հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այդ գործընթացը դեդլայն չունի և կարող է անվերջ ձգձգվել։ Դրանից զատ՝ Նիկոլ Փաշինյանը 2020-ի պարտությունից հետո կրավորական կեցվածք ունի, հաղթողներն են օրակարգ թելադրում։ Նրանք այս պահին Արծվաշենը վերադարձնելու հարց չունեն, և Փաշինյանը չի համարձակվում Արծվաշենի հարցը բարձրացնել միջազգային ամբիոններից, բերել բանակցային օրակարգ, դարձնել առաջնահերթություն։
Նույնիսկ մարզային մակարդակում է Արծվաշենն անտեսված։ Այս հարցում առաջին հերթին պահանջվում է Արծվաշենում ծնված և ապրած մարդկանց ակտիվությունը։ Ըստ վարչատարածքային բաժանման՝ Արծվաշենը մտնում է Գեղարքունիքի մարզի մեջ։ Արծվաշենցիները կարող են պահանջել, որ մարզային ծրագրերում Արծվաշենի վերաբերյալ ծրագրեր կազմվեն, տեղական ընտրություններ կազմակերպվեն։
Արծվաշենցիները կարող են նաև Արծվաշենում ապրելու ցանկություն ունեցողների տվյալները հավաքագրել։ Այսպիսով՝ գոնե քաղաքացիական մակարդակում կարող ենք ցույց տալ, որ Արծվաշենը հետ վերադարձնելու հարցն ունի իրական շահառուներ։ Այն հայ ժողովրդի կենսատարածքն է։
Ցավոք, այսպիսի նախաձեռնություններ չկան։ ՀՀ քաղաքացիների մի մասը հաշտվել է, որ Արծվաշենը մնալու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույնիսկ մարդիկ կան, որոնք ասում են, թե մեզ Արծվաշենը պետք չէ։
Կարճ ասած՝ Արծվաշենի հարցում իրավիճակը հուսահատեցնող է։ Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանն ու մի քանի արծվաշենցիներ են խոսում Արծվաշենի վերադարձի մասին։ Իսկ իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի քայլ չեն անում այս ուղղությամբ, որևէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, նույնիսկ հայտարարություններ չեն անում այսօրվա տարելիցի կապակցությամբ, չեն հաստատում ՀՀ ազգային իրավունքները Արծվաշենի նկատմամբ։
Սակայն կա լավատեսություն, որ մի օր Արծվաշենը կբերենք տուն։ Այս լավատեսության հիմքն այն է, որ այս հարցի ջատագովությունն ի վերջո արդյունք կտա, և Արծվաշենի հարցը կներառվի բանակցային օրակարգում ու կվերադարձվի հայ ժողովրդին։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները ընդամենը կանգնեն ազգային շահերի և իրավունքների պաշտպանության դիրքերում և նույն դիրքորոշումն էլ տարածեն հանրության շրջանում։