Վեհափառի դեմ դատական գործընթացը շարունակվում է։ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր դատարանում է որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս-արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ «այսօր ամոթի օր է»։
Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով, որով մեղադրվեցին նաև եկեղեցու 6 բարձրաստիճան հոգևորականներ։
Ինչո՞ւ են դատում Վեհափառին և ինչպե՞ս կարելի է պաշտպանել նրան։
Դատարանի դիմաց Վեհափառին և եպիսկոպոսներին աջակցություն հայտնելու համար հավաքվել են ոչ միայն բազմաթիվ հոգևորականներ, այլև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Այսպիսով, կարող ենք ասել, որ ժողովուրդը կամ առնվազն նրա մի մասը կարծում է, որ Վեհափառն արդար է, նրան հանիրավի են հետապնդում։
Իրավապաշտպաններն ու փաստաբանները միաբերան պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Բանն այն է, որ 2020-2021-ին Գարեգին Բ-ն միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Եվ հիմա Փաշինյանը կարծես վրեժ է լուծում նրանից և պահանջում Վեհափառի հրաժարականը։
Դրանից զատ՝ հորինել են քարոզչական նարատիվ, թե հոգևորականները հիբրիդային սպառնալիք են, ռուսական գործակալ են, Կրեմլի ագենտ, ուզում են Փաշինյանի իշխանությունը տապալել և խորացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Այս նարատիվը, սակայն, մեղադրական տեքստում չկա, բամբասանքի մակարդակում է, քանի որ Փաշինյանը վարում է վառ ռուսամետ կուրս և, բնականաբար, չի կարող մեկ ուրիշին օրենքով մեղադրել ռուսամետ լինելու մեջ։
Ուշագրավ են Փաշինյանի վախերը, թե Վեհափառը կարող է միավորել ընդդիմությանը և տապալել Փաշինյանի իշխանությունը։ Հունիսի 7-ի ընտրությունները դրա ամենավառ ապացույցն եղան։ Այս ժամանակ եկեղեցին չներգրավվեց քաղաքական գործընթացներում, չգործակցեց ընդդիմադիր ուժերի հետ և կոչ չարեց նրանց ձայն տալ։ Հետևաբար՝ Վեհափառը քաղաքական ակտոր չէ և չի կարող ներգրավվել քաղաքական պայքարում, նպաստել իշխանության փոփոխությանը և այլն։
Կասկած կա, թե սա բազմաքայլ խաղ է, որում Վեհափառը կարևոր դեր է խաղում։ Եվ այս խաղով փորձում են ապացուցել, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, քաղաքական մեծամասնությունը, խորհրդարանական ընդդիմությունն, այլև հոգևորականությունը ռուսամետ դիրքերում են։ Այսպիսով՝ բոլորով միասին նույն լարի վրա են խաղում և ամրացնում ռուսական ազդեցությունը Հայաստանում, որ ոչ ոք չփորձի Հայաստանում անկախական ուժերին ակտիվացնել, ու Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։ Իսկ իրենց արևմտամետ կոչողներն էլ սատարում են Փաշինյանին, փակելով շրջանակը։ Այս մեծ խաղում Վեհափառից ակնկալիքն այն է, որ նա հիմք տա կասկածելու, թե հոգևորականությունը անկախության և ժողովրդավարության դեմ է։ Դրա համար խնդրում են, որ արևմտամետ խաղացողները Վեհափառին վատաբանեն, իսկ ռուսամետ ուժերը մերձենան նրա հետ ու ստեղծեն պատկեր, թե Վեհափառը ևս իրենց պես է մտածում։
Վեհափառին պաշտպանելու տրամաբանությունը հուշում է, որ նա ինչ-որ ձևով պետք է փորձի դուրս գալ այս կինոյից։ Դրա համար բավարար է, որ նա հանդես գա անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։ Օրինակ՝ եթե ասի, թե մտադիր է հատուցում պահանջել Ռուսաստանից խորհրդային բռնազավթման տարիներին սպանված, բռնադատված հարյուրավոր հոգևորականների, ավերված վանքերի համար, ապա նա նույն պահին դուրս կգա այս խաղից։ Իշխանությունները չեն համարձակվի դատել նրան կամ ներքաշել քաղաքական թեմաների մեջ։ Իսկ եթե նրա հորդորով նաև ռուսամետ քաղաքական ուժերը կանգնեն անկախության և ժողովրդավարության դիրքերում, բարձրացնեն ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու հարցերը, ապա Փաշինյանը կմնա միակ ռուսամետ ուժը, Արևմուտքը նրան չի աջակցի, և նրա իշխանությունն այնքան կթուլանա, որ կպարտվի հաջորդ ընտրություններում և ընդդիմություն կդառնա։
Կարճ ասած՝ այսօր Էջմիածնում դատարանի առաջ հավաքված մարդիկ կարող են վանկարկել ոչ միայն «Վեհափա՜ռ, Վեհափա՜ռ», այլև՝ «Ազա՛տ, անկա՛խ, Հայաստա՛ն» ու նման անկախական ու ժողովրդավարական կարգախոսներ։ Այսպես կնպաստեն Վեհափառի արդարացմանը։ Գուցե նրան հենց դատարանում կհռչակեն անպարտ։