«Եթե իրենց համար հայ ժողովուրդը միայն այն մարդիկ են, ովքեր իրենց ձայն են տալիս, ապա տխուր լուր ունեն՝ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը իրենց դեմ է»,– լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո հնչող հայտարարություններին։
Աբովյանը քննադատել է իշխանությունների արձագանքը ինչպես ընտրությունների արդյունքների, այնպես էլ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի շուրջ քննարկումների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ իշխանությունները հակասում են անգամ պետական կառույցների ներկայացրած գնահատականներին։
«Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր զեկույց, որտեղ ակնհայտ ցույց էր տվել «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի իրականացման վտանգը Հայաստանի համար։ Հիմա դուրս են գալիս ու ասում են՝ նման բան չկա։ Ստացվում է՝ իրենք իրենց են հերքում»,– նշել է նա։
Անդրադառնալով ընտրակաշառքների մասին իշխանության հայտարարություններին՝ Աբովյանը պնդել է, որ անընդունելի է քաղաքացիների ընտրությունը նման կերպ գնահատելը։
«Գլուխները պատով են տալիս այն մարդիկ, ովքեր համարում են, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդին կարելի է առնել կամ փողով քվեարկության բերել»,– ասել է նա։
ԲՀԿ ներկայացուցիչը նաև արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել ընտրությունների ընթացքում։
«Եթե նման պնդումներ են արվում, ապա պետք է ներկայացվեն ապացույցներ։ Այլապես դա պարզապես զրպարտություն է»,– նշել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը և չեն ցանկանում ընդունել, որ հասարակության զգալի հատվածը դժգոհ է իրենց քաղաքականությունից։
«Շատ մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր նույնիսկ ձայն են տվել իշխանությանը, այսօր իրենց դեմ են»,– եզրափակել է Աբովյանը։