Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի կողմից Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածի և իրավական նորմերի կոպտագույն խախտումների վերաբերյալ
Այսօր՝ 2026 թվականի հունիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որը կրում է ակնհայտ ուղղորդված, կանխակալ և իրավաբանորեն հակասական վերնագիր՝ «Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում»:
Իրավական պետությանը ոչ հարիր գործելաոճով քննչական մարմինը չի սահմանափակվել միայն հակասական տեքստային հայտարարությամբ: Հանրությանն է ներկայացվել նաև մի տեսաձայնագրություն, որտեղ Վարդան Ղուկասյանի ձայնը նմանակող անձը արտաբերում է անհասկանալի և կոնտեքստից կտրված տեքստ:
Այս հրապարակումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության առաջատար զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ), հստակ նշելով Վարդան Ղուկասյանի անուն-ազգանունը և տեղադրելով նրա լուսանկարը, արտատպել են ՀՀ քննչական կոմիտեի տարածած նյութերը: Սա փաստում է, որ արտաքին դիտորդի համար ակնհայտորեն պարզ, հասկանալի և մատչելի է, թե ում նկատի ունի քննչական մարմինը՝ նշելով «Գյումրի համայնքի ղեկավար» ու անձի անվանատառերը՝ անելով հաստատակամ պնդում, թե «նա նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում»:
Որպես Վարդան Ղուկասյանի պաշտպան՝ անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալ խիստ մտահոգիչ և ոչ իրավաչափ հանգամանքները
1. Անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարում
ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը և ՀՀ քննչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում են՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քննչական կոմիտեի կողմից պաշտոնական հաղորդագրության վերնագրում պաշտպանյալիս կարգավիճակի (Գյումրիի համայնքի ղեկավարի) և անվանատառերի հրապարակումը, նրա մեղավորության մասին հաստատակամ պնդում կատարելը, ինչպես նաև անհայտ աղբյուրից ստացված, մոնտաժված տեսաձայնագրության տարածումը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ հանրության աչքերում կանխավ ձևավորել «մեղավորի» կերպար և իրականացնել հանրային դատաստան: Տեքստի վերջում ձևականորեն կցված «ծանուցումը» չի կարող քողարկել իրական տեղեկատվական մանիպուլյացիան և չեզոքացնել հասցված վնասը:
2. Փաստերի խեղաթյուրում և վարկածի տրամաբանական սնանկությունը
Հատուկ ընդգծում ենք, որ Վարդան Ղուկասյանը դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 20-ից գտնվում է կալանքի տակ: Լիակատար մեկուսացման և իրավապահ մարմինների խիստ հսկողության ներքո գտնվող անձին նման վերացական ու հակասական գործողություններ վերագրելը զուրկ է տարրական տրամաբանությունից: Բացարձակապես անհասկանալի և անհեթեթ է, թե ինչպես, երբ և որտեղ է նա կարողացել կատարել հաղորդագրության մեջ նշված գործողությունները, որոնք, ի դեպ, որևէ հանցակազմ չեն պարունակում:
Ավելին՝ մինչև կալանավորվելը, պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ամիսներ շարունակ ողջ ծավալով իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (ՕՀՄ), այդ թվում՝ ներքին և արտաքին դիտում, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում և վերահսկողություն: Ուստի, քննչական մարմնի կողմից առաջադրվող վարկածը փլուզվում է հենց իրավական, տրամաբանական և փաստացի անհնարինության պատճառով:
3. Անհայտ ծագման, կեղծված նյութերի շրջանառում և նմանակում
Հրապարակված տեսաձայնագրության աղբյուրը, դրա հեղինակը, ստեղծման հանգամանքներն ու օրինականությունը բացարձակապես պարզ չեն և հաղորդագրության մեջ շրջանցված են:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ներկայացված տեսանյութում առկա ձայնը, խոսքը և օգտագործված բառապաշարը որոշ մասերում ակնհայտորեն Վարդան Ղուկասյանինը չեն: Գործ ունենք նմանակման և տեղեկատվական կեղծիքի (ֆեյքի) հետ։
Իրավապահ մարմինը իրավունք չունի հանրայնացնելու չստուգված, կասկածելի ծագում ունեցող, հնարավոր թվային կամ մեխանիկական միջամտությամբ ստեղծված նյութեր, որոնք ուղղված են անձին վարկաբեկելուն ու հանրությանը մոլորեցնելուն: Հատկանշական է նաև, որ տեսաձայնագրության մեջ ներառված գրավոր սուբտիտրերը և բանավոր խոսքը միմյանց ամբողջությամբ չեն համապատասխանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է կոպիտ տեղեկատվական մանիպուլյացիայի մասին:
4. Հանցակազմի և նախապատրաստական արարքի բացարձակ բացակայություն
Հանրությանը հրամցված ձայնագրության բովանդակության նույնիսկ մակերեսային դիտարկումը փաստում է, որ ներկայացված տեսքստը հանդիսանում է ընդամենը անորոշ խոսքեր, սեփական պասիվության հավաստման և ինչ որ դատողությունների մասին հայտարարություններ:
Այստեղ չկա հանցագործության նախապատրաստության որևէ տարր, քանի որ չկան գործողություններ, չկա դիտավորություն, և առկա է «հեղափոխական» կամ իշխանազրկման գործընթացներին մասնակցելու ուղղակի հերքում: Ավելին՝ տեսաձայնագրության կից սուբտիտրերում (ենթագրերում) հեղափոխության կամ իշխանազրկման մասին որևէ ձևակերպում ընդհանրապես ներառված չէ, ինչը բացառում է հանցավոր նպատակի գոյությունը:
Հետևաբար, սույն տեքստի հիման վրա իշխանության յուրացման նախապատրաստության (ՀՀ քրեական օրենսգրքի 43-419 հոդվածի 1-ին մասի) հատկանիշներով քրեական վարույթի նախաձեռնումն իրավաբանորեն զուրկ է որևէ հիմնավորումից և հանդիսանում է բացահայտ արհեստական ու շինծու:
5. Վարույթի կանխակալ և քաղաքականացված ուղղվածությունը
Դեռևս չպարզված հանգամանքների պայմաններում, նոր նախաձեռնված վարույթի շրջանակներում նման «մեդիա-շոուի» կազմակերպումը և հանցանքի կատարման վերաբերյալ կանխավ հաստատական պնդումներ տարածելը փաստում են, որ քննչական մարմինը առաջնորդվում է ոչ թե օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն վարելու քրեադատավարական սկզբունքով, այլ ունի կանխակալ ու քաղաքականացված դիրքորոշում:
Հորդորում եմ ՀՀ քննչական կոմիտեին՝ անհապաղ վերադառնալ իրավական դաշտ, զերծ մնալ էժանագին մեդիա-արշավներից, կեղծիքների ու նմանակումների տարածումից և գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքների տառին ու ոգուն համապատասխան:
Մեր կողմից ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ինչպես Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն իրավական ընթացակարգերով արձանագրելու, այնպես էլ նշված տեսաձայնագրության աղբյուրը, դրա կեղծված (նմանակված) լինելու հանգամանքը ֆիքսելու և տարածման օրինականությունը դատական կարգով վիճարկելու ուղղությամբ:
Վարդան Ղուկասյանի պաշտպան՝
Զարուհի Փոստանջյան
05.06.2026 թվական