Հին ու բարի ժամանակներում արքայադստեր հետ ամուսնանալ ցանկացող ասպետները մենամարտում էին։ Հաղթողը ստանում էր թագավորի աղջկա ձեռքն ու թագավորության կեսը։ Հետո եկավ ժողովրդավարությունը, ու ամեն բան փոխվեց։ Ներկայում իշխանությունը որոշվում է ընտրություններով, որոնց ժամանակ մենամարտերն ու բռնությունն արգելվում են։
Մասիսում հունիսի 2-ին բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։
Ի՞նչ հետևանք կունենա այս բռնությունը։
Հայաստանում նախկինում ևս ընտրությունների ժամանակ կիրառվել է բռնություն, եղել են բախումներ, նույնիսկ՝ դանակահարության դեպքեր։ Սակայն լավատեսություն կար, որ մի քանի տարի անց հանրության իրավագիտակցությունը կբարձրանա, ժողովուրդը կքաղաքակրթվի, ժողովրդավարական արժեքները կարմատավորվեն, քաղաքացիական հասարակություն կձևավորվի, ու ընտրական շրջանում բռնությունները կվերանան։ Ցավոք, մնում ենք նույն ցածր մակարդակում։ Եվ իշխանության կուսակցությունը բռնություն է կիրառում մրցակիցների նկատմամբ։
Տարածված կարծիք կա, թե Մասիսում տեղի ունեցած ամոթալի միջադեպի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նա ամեն օր ատելություն է գեներացնում, այնպիսի վիրավորական բառեր է ասում մրցակիցների հասցեին, որ դրանց ազդեցության տակ ընկնողի մոտ ցանկություն է առաջանում բռնություն գործադրել ընդդիմադիր գործիչների, նրանց քարոզը տանող ակտիվիստների նկատմամբ։
Իհարկե, կուսակցության ներկայացուցիչները պարտավոր են պաշտպանել իրենց գաղափարները նաև բռունցքներով, երբ սպառվում են բառերը, երբ հնարավոր չէ խոսքով պաշտպանվել։ Բայց արդյո՞ք ՔՊ-ի ասելիքը սպառվել է։ ՔՊ-ականները չգիտե՞ն, թե ինչ բառեր կիրառեն մրցակիցների հետ զրուցելիս կամ բանավիճելիս։ Տվյալ պարագայում ՔՊ-ականների կողմից կիրառված բռնությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ն ասելիք չունի։ Իսկ եթե ունի, ապա այն փոխանցելու համար չունի բառեր, և ՔՊ-ականները ստիպված են բռունցքներով բացատրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Այս առումով, եթե Մասիսում տեղի ունեցածը դիտենք որպես նախընտրական ծրագիր, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ն խոստանում է ընտրվելու պարագայում ծեծել ժողովրդին, այսինքն՝ շարունակել հանիրավի հետապնդումները, ճնշումները, բանտերը լցնել քաղբանտարկյալներով։
Մեկ այլ վարկածով՝ բռնությունը կիրառվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Ենթադրելի է, որ այդ կերպ փորձում են տպավորություն ստեղծել, թե ուժեղ են։ Փաշինյանը, հավանաբար, կարծել է, թե եթե մարդիկ տեսնեն, որ ՔՊ-ականները ծեծում են «Ուժեղ Հայաստանի» անդամներին, ապա կքվեարկեն ՔՊ-ի օգտին։
Այս միջադեպը վատ հետևանք կունենա, եթե բռնությունը որակվի նորմալ, և մյուսներն էլ բռունցքներով ընտրարշավ անեն։ Չի բացառվում, որ մի կաթիլ մեղրի պատմության նման զանգվածային անկարգությունների վերածվի Մասիսում սկսվածը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը։
Կարճ ասած՝ Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել Մասիսում բռնությունից տուժած քաղաքացուց, հորդորել ժողովրդին ընտրապայքարի ժամանակ զերծ մնալ ամեն տեսակ բռնությունից, միմյանց հասցեին այնպիսի վիրավորանքներ ուղղելուց, որոնք կարող են ծեծկռտուքի պատճառ դառնալ։
Իսկ եթե կռիվ անելու անդիմադրելի ցանկություն կա իշխանության համար պայքարի մեջ մտածների, հատկապես՝ ՔՊ-ականների շրջանում, ապա ԿԸՀ-ն կարող է տեղամասերում մարտական ակումբներ բացել։ Կուսակցությունները կարող են ներկայանալ տարբեր քաշային կարգերի մարտիկներով։ Մրցավարը կլինի ԿԸՀ նախագահը, որը հաղթողին հենց ռինգում կտրամադրի պատգամավորի մանդատ։ Այսպես ժողովրդին կզվարճացնեն և նեղություն չեն պատճառի։ Ամեն ինչ կորոշվի ռինգում, որտեղ հաղթողը կստանա ժողովրդի սերն ու մանդատը և կկառավարի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։