«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը «անձնական փորձառություն» է ներկայացրել՝ պատմելով, որ Ազգային պատկերասրահից գնել է Արշիլ Գորկու պատկերով վերնաշապիկ և գոհ է դրա որակից։ Թերթը հիշեցնում է, որ Նանուշյանի անունը նախկինում կապվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրի ձգձգումների և ոլորտում քննադատությունների հետ։ Նյութում նաև նշվում է, որ առողջապահական համակարգը շարունակում է բախվել լուրջ խնդիրների, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդություններից բարձր մահացությանը Հայաստանում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընտրողների հետ հանդիպմանը ներկայացել է թանկարժեք բրենդային հագուստով և զարդերով, որոնց ընդհանուր արժեքը, ըստ հրապարակման, գերազանցել է 1100-1200 դոլարը։ Թերթը հիշեցնում է, որ նախկինում ևս նախարարի հագուստի ու աքսեսուարների արժեքը հանրային քննարկումների թեմա է դարձել։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։
ՔՊ մեր աղբյուրներից, սակայն, տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։
Սա պարզապես ձեւ է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։
Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017 թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։
Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ իշխանական թիմի ներսում վերջին օրերին նկատվում են հուսահատ և անորոշ տրամադրություններ։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ ՔՊ-ի ներքին հարցումներն ու քարոզարշավի ընթացքը չեն համապատասխանում հրապարակվող բարձր վարկանիշներին, ինչի հետևանքով շտաբներում նվազել է ակտիվությունն ու նախկին ոգևորությունը։
Թերթը գրում է, որ իշխանության ներկայացուցիչները մտահոգված են հատկապես Երևանում աջակցության մակարդակով և փորձում են տարբեր մեթոդներով պահպանել ընտրական դիրքերը։ Նյութում նաև նշվում է, որ վերջին շրջանում փոխվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, մինչդեռ ընդդիմության նկատմամբ իրավապահ գործողությունները շարունակվում են։
Հրապարակումը ներառում է նաև պնդումներ տաքսու վարորդների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձերի և իշխանության կողմից տարբեր ռեսուրսների կիրառման վերաբերյալ՝ թերթի աղբյուրների վկայակոչմամբ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրները վստահ են այս պահին երեք մարզերի վրա Վայոց Ձոր, Գեղարքունիք, Արագածոտն.
«Էս մարզերում վաբշե պրոբլեմ չունենք, մեր պրոբլեմատիկ մարզը եղել ու մնում է Շիրակը, դե Երեւանի մասին չենք խոսում», -մասնավոր զրույցներում ասում են ՔՊ-ները։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու, որոնք «կխլացնեն» ՌԴ-ի սահմանափակումների մասին մտահոգիչ տեղեկատվությունը։
Ասում են՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել. «Չմտածեք, սաղ տեղն ենք գցելու»։