«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։
Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը, ունենալով 4000-ից պակաս ընտրող, մասնակցում է մեծամասնական ընտրակարգով, իսկ ավագանին կազմված է լինելու 9 անդամից։ Այս տարվա նախնական տվյալներով՝ Արզնիում ընտրելու իրավունք ունի 2344 քաղաքացի։
Հիշեցնենք, որ Արզնիի ղեկավարը՝ Ֆելիքս Միրզոևն է։
Միրզոևը համայնքի ղեկավար դարձավ 2023 թվականի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրություններում նա ստացել էր 372 ձայն՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Ալեքսանդր Միրզոևից, որը ստացել էր 292 ձայն։ Մյուս թեկնածուներից Վարդան Ավագյանը ստացել էր 236, Էմիլ Իվանովը՝ 113, իսկ Կորյուն Չոբանյանը՝ 103 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվը այդ ժամանակ 2132 էր, մասնակցությունը՝ 1164։
2023 թվականի ընտրություններում իշխանական կուսակցությունը բացահայտ մտել էր պայքարի մեջ․ ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Միրզոևին։ Սակայն հաղթեց ինքնառաջադրված Ֆելիքս Միրզոևը։ Սա կարևոր նախադեպ է նաև 2026 թվականի ընտրությունների համար։
Արզնին Կոտայքի մարզի սովորական բնակավայրերից չէ։ Համայնքը Երևանին մոտ է, ունի առողջարանային և տնտեսական ներուժ, իսկ համայնքի տարածքում գործում են զբոսաշրջային և հանգստի ոլորտի օբյեկտներ։ Միաժամանակ այն ունի նաև իր առանձնահատուկ համայնքային և ազգային-մշակութային միջավայրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։