Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:04 02-06-2026

ԱՏՁՄ-ն նոր գործադիր տնօրեն ունի

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ/UATE) Խորհրդի միաձայն որոշմամբ այսօր՝ 2026 թվականի հունիսի 1-ին, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր է ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը նշել է․
«Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության և համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում և համայնքի հետ ձևավորված վստահելի հարաբերություններ։ ԱՏՁՄ Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին և վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնականոն և կայուն անցումը դեպի զարգացման նոր շրջան»։

Վերջին չորս տարիների ընթացքում Էդիտա Ղազարյանը եղել է ԱՏՁՄ-ի աճի և զարգացման առանցքում՝ ղեկավարելով համայնքի ընդլայնման, և միջազգային կառույցների հետ ռազմավարական համագործակցության ուղղությունները։

Նա ունի լայնածավալ և բարդ ծրագրերի կառավարման, ինչպես նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնությունների իրականացման հարուստ փորձ՝ նախկինում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։

Վերջին տարիներին նրա անմիջական ներգրավվածությամբ ԱՏՁՄ-ն զգալիորեն ընդլայնել է միությանն անդամակցող կառույցների շրջանակը՝ ներկայում միավորելով շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։

Էդիտա Ղազարյանը ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում և քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանում։
ԱՏՁՄ Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում Սարգիս Կարապետյանին, ով միացել էր կազմակերպությանը 2023 թվականին և ղեկավարել կառույցը զարգացման կարևոր փուլում՝ նպաստելով կազմակերպության շարունակական աճին և ազդեցության ընդլայնմանը։

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան է՝ երկրի խոշորագույն «հայթեք» միավորումը և Հայաստանի հնագույն ու խոշորագույն բիզնես ասոցիացիաներից մեկը։ 2000 թվականին գործարկված կառույցը ներկայում միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները։

ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններն են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը՝ ներառյալ քաղաքականությունների մշակումն ու ոլորտի շահերի պաշտպանությունը, հայկական ընկերությունների առաջխաղացումը միջազգային շուկայում, տեխնոլոգիաների ներդրումը և յուրացումը տնտեսության կողմից, ինչպես նաև կրթությունը և մասնագիտական ներուժի զարգացումը։

Տեխնոլոգիական համայնքից դուրս ԱՏՁՄ-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն ամենամյա իրադարձության կազմակերպիչ, ինչպես նաև «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագրի օպերատոր։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան