«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 6-ին ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նա մեղադրվում է ահաբեկչության հոդվածով։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Մանդալյանը ցուցմունքում նշել է, որ իր քայլով փորձել է ուշադրություն հրավիրել հայրենիքի անվտանգության շուրջ ունեցած մտահոգությունների վրա և ցույց տալ, որ հասարակության բոլոր անդամները չեն անտարբեր երկրի ճակատագրի նկատմամբ։
Նրա խոսքով՝ շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին՝ բացառելու մարդկանց վնասվելու վտանգը։ Դեպքից հետո նա չի հեռացել և սպասել է իրավապահների ժամանմանը։
Պաշտպանական կողմը բողոքներ է ներկայացրել տարբեր կառույցների, իսկ Մանդալյանի հայրը խնդրել է որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել՝ համարելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։
Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։
Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության օրվա առթիվ Զինված ուժերի ներկայացուցիչների պարգեւատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի որոշմամբ՝ բարձրագույն պարգեւի են արժանացել փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը` «Լամպըչկա» մականունով, եւ պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ են ստացել։
Բանն այն է, որ ԶՈՒ-ում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել եւս՝ երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը, ըստ համակարգի մեր աղբյուրների, միջակ կառավարիչ է, իսկ Բրուտյանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ, եւ նա էլ է եկվոր՝ ֆինանսական համակարգից:
Նաեւ, ըստ լուրերի, փողի հանդեպ մեծ սեր ունի, եւ Փաշինյանը, իմանալով այդ մասին, 2021-ին նրան տեղափոխել է ՊՆ՝ նախարարի տեղակալի պաշտոնին։
«Հրապարակ» թերթը գրում է. Գրել էինք, որ ՀՀ ԶՈՒ-ում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ՔՊ-ն ինչքան ընտրող ունի: ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը:
Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ամենուր` դեկանների, ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին, իր առաջ խոնարհվողներին:
«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ոչ բոլոր կալանավորները։ ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք։ Մյուս դատապարտյալները քվեարկելու են քրեակատարողական հիմնարկներում։ 9 ՔԿՀ-ներում ընտրությունների սկիզբը լինելու է ոչ թե ժամը 08։00-ն, այլ՝ համաձայն ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցի։
«Իրավունք» թերթը գրում է. «Այսօր Գյումրիում Կարապետյանների կայանալիք քարոզարշավին սպասվում է աննախադեպ մեծ բազմություն։
Ասում են՝ Գյումրիի քաղբանտարկյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անձամբ է «քսիֆ» ուղարկել հայրաքաղաքի լավ տղերքին, թե՝ «թասիբի հարց ա, պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի»։
«Իրավունք» թերթը գրում է. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, նախօրեին մասնակցելով զորահանդեսին, եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գորիսի մասով մտածելու բան չունեն:
«Գորիսում իմ խոսքն ա հարգվում, ժողովուրդը իմ թիկունքին է, տակ շտո` արխային»,-ըստ աղբյուրի, ասել է նա ՔՊ-ականներին, որից հետո միայն իշխանականները հանգիստ շունչ են քաշել։
«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմության տհաճ անակնկալների կուլմինացիան կլինի քարոզարշավի վերջին շաբաթը:
«Յուղոտ պատառները թողել ենք վերջին շաբաթը, թող ընդդիմությունը բռնվի, սեւ արկղի դուռն ա բացվելու»,- ինքնագոհ մտերիմների շրջանում հայտարարում են իշխանականները։