Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 18:00 15-05-2026

Արցախ բառը կրկին թիրախում․ ՊԵԿ-ը չգործող ՀԿ-ին տուգանել է 200 հազար դրամով

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող է պետական ապարատը օրենքի տառը վերածել վարչական մահակի՝ հատկապես այն կառույցների նկատմամբ, որոնց անվան մեջ դեռ պահպանվել է «Արցախ» բառը։

2026 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը մերժեց «Արցախ հայրենիք» (Մարդասիրական նախաձեռնություն) ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով 200 հազար դրամի տուգանքը։



Խնդիրը ո՛չ թաքցված հարկերն էին, ո՛չ ֆինանսական մեքենայությունները, ո՛չ էլ պետությանը պատճառված վնասը։ Խոսքը մի կազմակերպության մասին է, որը հիմնադրման պահից փաստացի չի ունեցել շրջանառություն, ֆինանսական հոսքեր կամ հարկային պարտավորություններ, սակայն այդ ամենը չի խանգարել, որ ՊԵԿ վարչական մեքենան գործի դրվի «խախտումը» պատժելու համար։

ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ կազմակերպությունը 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ թույլ է տվել տեխնիկական և ձևական բնույթի թերություններ։ «ՀԿ-ի հիմնադրման պահից ի վեր փաստացի որևէ գործունեություն իրականացված չլինելու և տեխնիկական պատճառներով տեղեկացված չլինելու վերաբերյալ առարկությունները չեն կարող վարչական ակտի բեկանման հիմք հանդիսանալ»,- նշված է ՊԵԿ պաշտոնական հիմնավորման մեջ։



Ըստ հանձնաժողովի՝ հաշվետվությունը հաստատվել է հաշվետու տարվա ընթացքում՝ 01.06.2024թ.-ին, լրացված տվյալները, ըստ ՊԵԿ-ի, չեն համապատասխանել կանոնադրական նպատակներին, չի նշվել կազմակերպության անդամների թիվը։

Այսինքն՝ խոսքը ոչ թե թաքցված եկամուտների, չվճարված հարկերի կամ ֆինանսական խախտումների մասին է, այլ զուտ չնչին թերությունների։ ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը պնդել է, որ տեխնիկական պատճառներով ժամանակին չի ստացել ծանուցումները և չի կարողացել սահմանված ժամկետում ներկայացնել ճշգրտված տարբերակը։ Նրա խոսքով՝ բոլոր հաշվետվությունները հետագայում ամբողջությամբ ճշտվել և ներկայացվել են, իսկ խախտումն ինքնին որևէ նյութական կամ հարկային հետևանք չի առաջացրել։ Սակայն ՊԵԿ համակարգի համար դա բավարար չի եղել և գործի է դրվել վարչական անզիջում մեխանիզմը։

Սկզբում ՀԿ-ն ստացել է նախազգուշացում, այնուհետև, ըստ ՊԵԿ-ի, 30-օրյա ժամկետում պահանջները պատշաճ չեն կատարվել, ինչից հետո գործարկվել է վարչական պատասխանատվության հաջորդ փուլը՝ «պատշաճ վարչարարության» անվան տակ կիրառվել է 200 հազար դրամ տուգանք։



Ապրիլի 16-ի վերջնական որոշմամբ բողոքարկման հանձնաժողովը փաստացի արձանագրել է հետևյալը․ բոլոր ծանուցումները ուղարկվել են օրենքով սահմանված կարգով, կազմակերպության գործունեություն չծավալելը չի ազատում հաշվետվության պարտականությունից, տեխնիկական պատճառներով ծանուցումները չտեսնելը չի կարող հիմք լինել տուգանքը չեղարկելու համար։ Պաշտոնական ձևակերպումը հատկապես ցինիկ է հնչում այս պատմության համատեքստում․ Հանձնաժողովը հայտարարել է, որ «գործունեություն չիրականացնելու և տեխնիկական պատճառներով տեղեկացված չլինելու վերաբերյալ առարկությունները չեն կարող վարչական ակտի բեկանման հիմք հանդիսանալ»։



Իրավաբանորեն ՊԵԿ-ը կարող է հղում անել օրենքի տառին։ Սակայն այս պատմության քաղաքական և բարոյական ենթատեքստը շատ ավելի խորն է։ Վերջին տարիներին Հայաստանում ավելի ու ավելի հաճախ են նկատվում դեպքեր, երբ «Արցախ» անվանմամբ կառույցները, նախաձեռնությունները կամ արցախյան թեմատիկայով զբաղվող կազմակերպությունները բախվում են պետական համակարգի կոշտ և անզիջում վերաբերմունքին։ Եվ որքան էլ իշխանությունները փորձեն ամեն ինչ ներկայացնել բացառապես իրավական հարթության մեջ, հանրային ընկալումն այլ է։ Երբ չգործող ՀԿ-ն, որը պետությանը որևէ վնաս չի հասցրել, ենթարկվում է 200 հազար դրամի տուգանքի միայն ձևական վրիպակների պատճառով, դժվար է սա ընկալել պարզապես որպես «սովորական վարչարարություն»։ Սա արդեն հիշեցնում է բյուրոկրատական ճնշման համակարգ, որտեղ օրենքը կիրառվում է ոչ թե արդարության, այլ ցուցադրական պատժի տրամաբանությամբ։

«Արցախ Հայրենիք» ՀԿ-ի պատմությունը, կարծես՝ ի ցույց է դնում ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, որը օրենքի անվան տակ փաստացի ասում է՝ մեզ չի հետաքրքրում, որ Դուք գործունեություն չեք իրականացրել, որ բյուջեին վնաս չեք տվել, որ խախտումները տեխնիկական են եղել։ Բավական է, որ համակարգի առաջ կանգնած եք «Արցախ» անունով, և Ձեզ հետ խոսելու լեզուն լինելու է պատժիչ վարչարարությունը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված