Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ դասերի ժամին մասնակցում էին մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցրել է, որ արգելվում է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, բժշկական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Հանձնաժողովը կոչ է արել նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքի կարգավորումների շրջանակում՝ բացատրելով, որ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք: Կրթության նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Արագածոտնի մարզում այսօր «քաղաքական քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով քննություն կանցկացնի»: Ուշագրավ է, որ ոչ նախարարությունը, ոչ էլ ԿԸՀ-ն իրենց հաղորդագրություններում կոնկրետ ՔՊ-ի անունը չեն նշել: Նիկոլ Փաշինյանը, այսօր Ուջանում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով տեղի ունեցածին, վստահեցրեց, որ «որևէ խախտում չի կարող անհետևանք մնալ»: «Ես հանձնարարել եմ՝ ծառայողական քննություն է նշանակված, ամեն ինչ կպարզաբանվի: Բայց վաղը բրիֆինգ կանեմ, կպատասխանեմ», - ասաց Փաշինյանը:
«Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավ է արել Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակիչների հետ հանդիպմանն ասել է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչ խոստում տվել է, լրիվ ձախողել է։ Նա նշեց, որ Փաշինյանը 2021-ին կրկին եկավ խոստումներով և Հայաստանն ունեցավ Արցախի կորուստ, հողերի կորուստ, բազմաթիվ խնդիրներ. «Հիմա կրկնվում է։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք նույն ճանապարհով գնալ»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ երբ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, իրենք ասացին, որ սա Արցախի կորստի է բերելու, բայց «Դիմադրություն» շարժումը բավարար աջակցություն չստացավ։ Իսկ արդեն 2022–ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ «Եթե 2026-ին Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» է, Սյունիքի վրա հարցական է՝ կմնա՞, թե՞ չի մնա։ Խաղաղությունը, որ փորձում են ծախել մեր վրա, խաղաղություն չէ, դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս։ Մենք սա մերժում ենք, հույս ունենք՝ ժողովուրդն արդեն հասկացել է, ինչ է կատարվում, ում հետ գործ ունեն»,- ասել է նա։ Ռոբերտ Քոչարյանը հավելել է, որ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կարվեր ճիշտ այն, ինչ արվել է մինչ այսօր։
Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից։ Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին այս մասին ասաց Գևորգ Պապոյանը։ «Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցեց, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը կրկին կազդի գների վրա»,– ասաց Պապոյանը։ Նա նշեց, որ մայիսի սկզբին Հայաստան մուտք էր գործում շատ քիչ քանակի հեղուկ գազ, ինչի հետևանքով շուկայում խնդիրներ էին առաջացել, հեղուկ գազ չկար։ «Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է. Հայաստանում կա հեղուկ գազ բոլոր տեղերում։ Եթե գազի գինը նախկինում գերազանցում էր 300 դրամը, այն արդեն նվազել է։ Ապարանում ես նոր տեսա, որ հեղուկ գազի գինը հիմա 240 դրամ է։ Արդյոք դա այն գի՞նն է, որը պիտի լինի։ Ես կարծում եմ՝ ոչ, պետք է իջնի, թեև պրոցեսը դանդաղ գնում է։ Այս փուլում վերադարձ հին գներին պակաս իրատեսական եմ համարում, բայց եթե մի շաբաթ հետո անգամ 200 դրամ լինի, դա ֆանտաստիկ կլինի»,– ընդգծեց նա։ Ըստ Պապոյանի՝ բոլոր ուղղություններով աշխատում են, որ գներն իջնեն, ու դրա վրա կարող է ազդել իրանական հեղուկ գազի մուտքը։ Պաշտոնյան վստահեցրեց, որ Ռուսաստանից հեղուկ գազն այս օրերին անխափան գալիս է Հայաստան, սակայն ՌԴ–ում գների աճ է եղել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել մեր տեղական շուկայի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան