Հունիսի 7-ին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի հանդիմանում են, թե նրանք Հայաստանը ռուսական ծայրագավառ են ուզում դարձնել։
Ինչո՞ւ են կարծում, թե Հայաստանը կարող է ռուսական ծայրագավառ դառնալ, և ի՞նչ պետք է անել, որ Հայաստանը ծայրագավառ չդառնա։
Այս մտահոգությունն անհիմն չէ և ունի ընդարձակ նախապատմություն։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը մարդիկ չէին հասկանում, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, կարծում էին, թե ՌԴ-ն կարող է պաշտպանել արտաքին ագրեսիայի դեպքում։ ՀՀ-ի դեմ ագրեսիայից և ՀՀ ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ զավթելուց հետո Հայաստանում և միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները սկսեցին խոսել ՀՀ-ի դեմ ավելի լայնածավալ ագրեսիայի վտանգի և ՀՀ անկախության դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ոտնձգության հավանականության մասին, որն ավարտվելու էր նրանով, որ Հայաստանը կիսվելու էր՝ մի մասը դառնալու էր ռուսական գուբեռնիա, մյուսը՝ թուրքական վիլայեթ։
Այս աղետալի իրադարձություններից ու կանխատեսումներից հետո Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ակնարկեց, այսպես կոչված՝ միութենական նոր պետությանը նախկին խորհրդային հանրապետությունների միանալու հեռանկարի մասին՝ արհամարհաբար նշելով, որ միութենական պետության կազմում հանրապետությունները զրկվելու են անկախությունից, բայց որոշակի ինքնիշխանություն պահպանելու են։ Սրան արձագանքեցին հայ որոշ գործիչներ՝ չբացառելով, որ այդպիսի հնարավոր հեռանկարի մասին պետք է մտածել։ Այսինքն՝ հայ քաղաքական համայնքում ևս կան կամ թվում է, թե կան միավորներ, որոնք կարող են քննարկել ռուսական ծայրագավառ դառնալու հեռանկարը։
Այսպիսով՝ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր ծայրագավառ դառնալու համար։
Զուգահեռաբար ասեկոսեներ էին տարածվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հրաժարվել ՀՀ անկախությունից ու Հայաստանը մտցնել Միութենական պետության կազմ։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հռչակեց անկախության պաշտպանության շարժում։ Իսկ 2025-ի հունիսի 19-ին խոստովանեց, որ 2018-2022-ը եղել է ֆորպոստի վարչապետ։ Այս հայտարարությունները հիմնավորեցին այն կասկածները, որ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ է կարգվել, որ ՀՀ-ն մտցնի միութենական պետության կազմ։ Միաժամանակ լավատեսություն արթնացավ, որ ՔՊ-ական իշխանությունն անկախության ջատագով է, նման հակապետական քայլ չի անի։ Սակայն իշխանությունների անգործությունը, Մոսկվայի հանդեպ կրավորական ու անողնաշար կեցվածքը հոռետեսության պատճառ էին դառնում և վերահաստատում այն կասկածները, որ Փաշինյանը դեռ չի ավարտել սև գործը և դեռ փորձելու է ՀՀ-ն դարձնել ռուսական ծայրագավառ։
Այս հոռետեսությունը զարգացնում են Փաշինյանի դրդմամբ ակտիվացած ռուսամետ ուժերը։ Նրանք բաց ու անթաքույց են ցուցադրում ռուսական շահեր սպասարկելու իրենց մղումը, ՀՀ անկախության նկատմամբ արհամարհանքը։ Եվ այս ուժերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրանց ու ՔՊ-ի տարբերությունն այն է, որ նրանք բացահայտ են պաշտպանում ռուսական շահերը, իսկ Փաշինյանը հայտարարում է, թե ոչինչ չի անի ռուսական շահերի դեմ, միաժամանակ ակնկալում է ԵՄ-ի աջակցությամբ վերարտադրվել՝ աշխարհին վախեցնելով, որ եթե ինքը չվերընտրվի, ապա կընտրվեն այս խայտառակ ռուսամետ ուժերը, Կրեմլի բացահայտ սպասարկուները, որոնք կհրաժարվեն Հայաստանի անկախությունից, Հայաստանը կդարձնեն ծայրագավառ, Չարիքի գործիք՝ մարդկության, ժողովրդավարության, միջազգային անվտանգության, միջազգային խաղաղության դեմ։
Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ հայ քաղաքական համայնքի խոշոր ուժերի շրջանում կոնսենսուս կա ռուսական ծայրագավառ դառնալու հարցը գեներացնելու վերաբերյալ, և այդ կոնսենսուսը ձևավորվել է իշխանության ջանքերով։ Հետևաբար՝ ծայրագավառ չդառնալու անհրաժեշտ պայմանը ազգային, ժողովրդավար ուժերի հաղթանակն է հունիսի 7-ին։ Գուցե նրանց օրոք օրենքով կարգելվի ռուսական գործակալների մուտքը քաղաքական ասպարեզ, ինչի արդյունքում արմատապես կբացառվի ծայրագավառ դառնալու ոչ միայն հեռանկարը, այլև խոսույթը, ինչը ոչ միայն նյարդայնացնում է հանրության մեծ մասին, այլև տպավորություն է ստեղծում, թե հայ ժողովուրդն այնքան ցածրակարգ հանրույթ է, որ խոսում է Հայաստանի անկախությունից հրաժարվելու ու ծայրագավառ դառնալու հեռանկարի մասին։
Թաթուլ Մկրտչյան