Ներքին 2 ամիս առաջ - 14:03 29-04-2026

Որոշ ոլորտներում բժիշկների աշխատավարձերը եռապատկվել են, որոշ ոլորտներում էլ զբաղվածության ու ծառայությունների ծավալի անկում կա. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով բուժաշխատողների աշխատավարձերի և փոխհատուցումների վերաբերյալ հարցին, նշել է, որ համակարգում արձանագրվել է դրական դինամիկա, իսկ որոշ ուղղություններով աշխատավարձերը նույնիսկ եռապատկվել են։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում եղել են հաշվետվությունների ներկայացման բացեր, երբ որոշ բժիշկներ իրականացրել են խորհրդատվություններ, սակայն դրանք չեն մուտքագրվել համակարգում, ինչի հետևանքով փոխհատուցումները չեն հաշվարկվել ամբողջությամբ։

«Փետրվար ամսին մենք այդ բացը լրացրեցինք, նախորդ խորհրդատվությունները մուտքագրվեցին, և բուժաշխատողների աշխատանքի ծավալն ու փոխհատուցումը եկավ այն մակարդակին, ինչ նախատեսել էինք»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ նախորդ ամիս բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի միջին մակարդակում արձանագրվել է աճ։ «Ունենք ուղղություններ, որտեղ աճը կազմել է 10-20 տոկոս, ունենք նաև ոլորտներ, որտեղ բժիշկների աշխատավարձերը եռապատկվել են»,- նշել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ որոշ մասնագիտություններում նկատվում է զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում, ինչը պայմանավորված է նրանով, որ համակարգը ֆիքսված աշխատավարձից անցել է կատարված աշխատանքի դիմաց փոխհատուցման սկզբունքին։

«Տեսնում ենք, որ որոշ ուղղություններում ծառայությունների ծավալների մեծ տարբերություն կա։ Այդ մասով աշխատանքներ ենք տանում, և լինելու են անհատական լուծումներ։ Որոշ դեպքերում արդեն լուծումներ ունենք, որոշներում՝ քննարկումներ են ընթանում»,- ասել է նախարարը։ Նա վստահեցրել է, որ բուժաշխատողները հնարավորություն կունենան վերապրոֆիլավորվելու ավելի եկամտաբեր և բարձր վարձատրվող ուղղություններով։ Նախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա առաջնահերթություններից է գյուղական բժշկական կենտրոնների, բուժքույրերի և դպրոցներում աշխատող բուժքույրերի աշխատավարձերի բարձրացումը։

«Ամբուլատորիաների ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը զգալի աճ են ունեցել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նախորդ տարի որոշ վերանայումներ արել ենք, սակայն այս պահին նրանց աշխատավարձերի մակարդակը մեզ չի բավարարում»,- նշել է Ավանեսյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը