Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 16:19 27-04-2026

Ինչու են ՔՊ-ականները մտածում Հայաստանի չլինելու մասին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Շատ բազմանշանակ պաստառ է հայտնվել նախօրեին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ։

Ի՞նչ է նշանակում՝ «Չկա Հայաստան՝ առանց Փաշինյանի»։ Սա սպառնալի՞ք է, քծնանքի ցո՞ւյց, թե՞ ապապետական մտածողության երևակում։

Առաջինն աչքի է զարնում պարտվողական տրամադրությունը։ Պաստառը գրողը, հավանաբար, մտածում է, որ Փաշինյանը կարող է պարտվել։ Եթե պարտվելու մասին այս վախը գերիշխող չլիներ, ապա մարդը չէր մտածի, թե ի՞նչ է լինելու, եթե Փաշինյանը պարտվի, ի՞նչ են անելու՝ առանց Փաշինյանի։ Այսինքն՝ պաստառը գրողը վախենում է, որ Փաշինյանը կարող է պարտվել ու դառնալ ընդդիմություն։

Հաջորդը ապապետական մտածողությունն է։ Պաստառի հեղինակը, հավանաբար, մտածում է, որ պետության գոյությունը կախված է կոնկրետ Փաշինյանից, և առանց նրա՝ Հայաստանը չի լինի։ Նորմալ ՀՀ քաղաքացին ուզում է, որ Հայաստանը դարերով, հազարամյակներով միշտ անկախ լինի։ Մեկ ղեկավարը չի կարող դարեր թագավորել։ Հետևաբար՝ Հայաստանը կարող է լինել և՛ Փաշինյանից հետո, և՛ հազար տարի հետո։ ՔՊ-ում չեն ուզու՞մ, որ Փաշինյանից հետո Հայաստանը լինի։

Հայաստանի չլինելու մասին խոսք կարող է տարածել թշնամին։ Ենթադրաբար՝ Կրեմլում գիտեն, որ Փաշինյանը ռուսական վերջին դրածոն է, որից հետո Մոսկվան չի կարողանալու ՀՀ-ում իշխանություն ձևավորելու վրա ազդեցություն ունենալ։ Այսինքն՝ ՀՀ-ում ռուսական դրածո չի լինելու։ Իսկ Կրեմլի համար Հայաստանն առանց իր դրածոյի հետաքրքիր չէ։ Այն Հայաստանը, որտեղ ռուսական դրածոն չէ երկրի ղեկավարը, Մոսկվայի համար եղած-չեղած մեկ հաշիվ է, պարզապես՝ չկա։

Ակնհայտ է քծնանքը, որը բնորոշ է մեռնող ավտորիտար համակարգերի ստրուկներին։ Օրինակ՝ Հին աշխարհում տիրակալի մահից հետո նրա կանայք, սպասավորները, ձիերը, թիկնապահները զոհաբերվում էին, որ հանդերձյալ կյանքում ծառայեին նրան։ ՔՊ-ում, հավանաբար՝ կարծում են, թե իրենց առաքելությունը Փաշինյանին քծնելն է, թյուրիմացաբար՝ պետության հետ նույնացնելը։

Ի վերջո՝ այստեղ անթաքույց սպառնալիք կա։ Դեռ 2020-ի պատերազմից հետո կարծիք էր շրջանառվում, թե Փաշինյանը կործանելու է Հայաստանը, ՀՀ անկախությունից հրաժարվելու է հօգուտ չբարեկամ երկրի։ Ասում էին, թե նա մտադիր է Հայաստանը դարձնել ռուս-բելառուսական, այսպես կոչված՝ միութենական պետության մաս՝ հրաժարվելով ՀՀ անկախությունից ու ժողովրդավարությունից։ Ուրիշ այլ կերպ հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանը չլինի։

Նշենք, որ ՔՊ-ականները վերջին շրջանում բազմիցս են հայտարարում, թե հայ-ռուսական հարաբերությունները մտնում են տրանսֆորմացիոն նոր փուլ, սակայն նրանք չեն ասում, թե ի՞նչ կերպարանափոխության է ենթարկվելու ՀՀ-ն։ Օրինակ՝ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակի հերոսը դառնում է ուտիճ։ Իսկ ի՞նչ ստացվելու հայ-ռուսական օրակարգի տրանսֆորմացիայի արդյունքում։

Եթե այսօր ՔՊ-ն պաստառ է պարզում, որտեղ գրված է «Չկա Հայաստան ...», ապա հոռետեսորեն ենթադրելի է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի անկախությունից հրաժարվելուն և այսպես կոչված միութենական պետության մաս կազմելուն։ Այս ենթադրության տրամաբանության մեջ է տեղավորվում նաև գործարար Սամվել Կարապետյանին քաղաքականություն ներքաշելը և մի քանի ամսում գլխավոր ընդդիմադիր կարգելը։ Այս ենթադրության օգտին է խոսում նաև այն, որ ՔՊ-ի նախընտրական խոսույթում անկախության ամրացմանն ուղղված որևէ ակնարկ չկա։ Իսկ Փաշինյանը Պուտինին արդեն խոստացել է, որ ընտրություններից անմիջապես հետո վազելու է Մոսկվա, կարծես՝ ցույց տալով աշխարհին, թե ՀՀ-ն ուզում է ռուսական ազդեցության գոտի լինել, սպասարկել Կրեմլի շահերը։

Շրջանառվող վարկածներից ամենապարզը հակադարձ տրամադրություն գրգռելն է։ Այսինքն՝ սա մանիպուլյատիվ սադրանք է՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, որոնց մի մասի օրակարգի առաջին տողում Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Սա, կարծես, միտված է ստիպելու ընդդիմադիրներին հակառակ պաստառ պարզելու, օրինակ՝ «Կա Հայաստան՝ առանց Փաշինյանի»։ Գուցե այս կարգախոսի ներքո հնարավոր կլինի միավորել ընդդիմադիր բազմաթիվ ուժերի։ Այս իրավիճակը կշահարկեն ՔՊ-ականները և կասեն, թե Հայաստանն ու Փաշինյանը իրարից անբաժան են, և Փաշինյանին դեմ լինելը նշանակում է՝ դեմ լինել Հայաստանին։

Կարճ ասած՝ ՔՊ-ի հիշյալ պաստառը բացասաբար է ազդել հանրային հոգեբանության և քաղաքական խոսույթի վրա։ Լավ կլինի, որ ՔՊ-ն այսպիսի ապապետական, հակաժողովրդավարական պաստառներով չվախեցնի ժողովրդին, չստորացնի ՔՊ համակիրներին, տպավորություն չտարածի, թե ՔՊ-ն ՀՀ անկախության դեմ է, մտածում է Հայաստանի չլինելու մասին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան