Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանի համար «թավշյա հեղափոխությունը» հիրավի բախտաբեր է եղել։ 2024-ին, երբ մամուլը լայնորեն քննարկում և լուսաբանում էր Աննա Հակոբյանի կազմակերպած վճարովի ընթրիքը՝ հյուրերի ցանկում առանձնանում էր 001 TV 01 գոլդ համարանիշով ավտոմեքենան։ Այն գրանցված էր բավականին տարօրինակ անվանումով ընկերության՝ «Բախտաբեր» ՍՊԸ-ի անունով։
Տարիներ առաջ
Oragir.News-ը կարողացել էր պարզել, որ «Բախտաբեր» ՍՊԸ-ն կապվում է Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի հետ․ ավելի կոնկրետ՝ այն գրանցված է ԱԺ նախագահի ընտանիքի քավոր Էդգար Ավագյանի հաշվառման հասցեում, վերջինիս հոր՝ Սամվել Ավագյանի անունով։
Առավել ուշագրավ է մեկ այլ փաստ․ ընկերությունը գրանցվել է 2018 թվականի հեղափոխությունից ընդամենը օրեր անց։ Սա հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք «թավշյա» փոփոխությունները որոշ շրջանակների համար իսկապես վերածվել են տնտեսական «բախտի»։
Հատկանշական է նաև, որ հեղափոխությունից առաջ Էդգար Ավագյանը չնչին պարտքի պատճառով, ճանաչվել էր սնանկ։ Սա փաստում են ներկայացված դատական փաստաթղթերը և սնանկության գործընթացի վերաբերյալ տվյալները։
Այնուհետև՝ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. նախկինում ֆինանսական խնդիրներ ունեցող Էդգար Ավագյանը, ըստ մամուլի հրապարակումների, 2022-ին կապվում է խոշոր ծրագրերի հետ, այդ թվում՝ միլիոնավոր դոլարների գնահատվող անշարժ գույքի նախագծերի։ Մասնավորապես՝ նա դառնում է համեմատած 40 միլիոն դոլարանոց «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի 25 տոկոս բաժնետեր։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Էդգար Ավագյանը 2024-ին փաստաթղթերով դուրս է եկել նախագծից՝ իր բաժնեմասը փոխանցելով Լևան Չիկովանիին։
Այս հանգամանքը կարող է վկայել այն մասին, որ ձևականորեն կապը դադարեցվել է, մինչդեռ իրական ազդեցության կամ ներգրավվածության հարցը մնում է անորոշ։
Բացի այդ, նույն Ավագյանը հիշատակվում է որպես Աննա Հակոբյանի ընթրիքի մասնակիցներից մեկը՝ այն միջոցառման, որտեղ մասնակցությունը պայմանավորված էր խոշոր դրամական ներդրումներով։
Այսպես՝ «Բախտաբեր» ՍՊԸ-ն՝ գրանցվել է 2018-ի հունիսի 20-ին, 2023 թվականի մարտի 27-ին հաստատված իրական շահառուների հայտարարագրով՝ 100% մասնակցությամբ իրական շահառու է հանդիսանում Էդգար Ավագյանի հայրը՝ Սամվել Ավագյանը։ Ընկերությունն իրականացնում է շինարարական նախագծեր։


Ավելին՝ Էդգար Ավագյանի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի հասցեն (Գլինկայի 23/20) համընկնում է «Բախտաբեր» ՍՊԸ-ի հետ կապված անձանց տվյալների հետ, ինչը վկայում է ընկերության և ընտանիքի միջև անմիջական կապի մասին։

Ինչպես ժամանակին
գրել էր Oragir.News-ը, Աննա Հակոբյանի ընթրիքը միավորել էր ոչ միայն իշխանամերձ, այլև տարբեր քաղաքական և բիզնես շրջանակների ներկայացուցիչների։ Մասնակիցների թվում էին՝ «Սպայկա», «Նաիրի» ԲԿ, «Մարիաննա» կաթնամթերքի արտադրող, «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունների ընտանիքի անդամներ։
Ի դեպ, պետական կատարողական ծառայության տվյալների համաձայն՝ «Բախտաբեր» ՍՊԸ-ի նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում (2023-2024թթ.) կիրառվել են պարտադիր կատարման վարույթներ և գույքային արգելանքներ։ Բացի այդ՝ իրառվել են կատարողական վարույթներ և հարկադիր արգելանքներ, տարբեր տարիներին արձանագրվել են ֆինանսական պարտավորությունների խախտումներ։

Իր հարցազրույցներից մեկում Էդգար Ավագյանը անդրադառնալով 2021 թվականից Ծաղկաձորում կառուցվող համալիրին, ինչպես նաև իր բաժնետոմսերի վաճառքին և բիզնեսից դուրս գալու պատճառներին, նշել է.
«Այնքան շահարկեցին Ալեն Սիմոնյանի ընտանիքի անունը, որ կորավ հետաքրքրությունս այդ բիզնեսի նկատմամբ, ու վաճառեցի այն»։
Նա նաև հավելել է, որ «անհիշելի ժամանակներից» է զբաղվել բիզնես գործունեությամբ և ընդգծել, որ Ալեն Սիմոնյանը որևէ կապ չի ունեցել իր բիզնես նախագծերի հետ։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն իր ծննդյան տարեդարձը նշել էր «Պալլադիում հոլլ»-ում, իսկ Փաշինյանի կազմակերպած «Վարչաբենդ» անունով առաջին դիսկոտեկը նույնպես տեղի էր ունեցել նույն «Պալլադիում»-ում։
Oragir.News-ին «Պալլադա» համալիրից ասացին, որ Էդգար Ավագյան անուն ազգանունով բաժնետեր չունեն, իսկ Ջրվեժում գտնվող գրեթե նույնանուն «Պալլադիում» հոլից էլ վստահեցրեցին, որ «Պալլադա Ծաղկաձորը» ոչ մի կապ չունի «Պալլադա» համալիրի հետ։
Հասմիկ Մովսիսյան