Ներքին 5 ամիս առաջ - 13:20 03-04-2026

Զինվորները հոգեբանական ծանր վիճակում են. տեսնում են անհավասարությունը՝ ծառայության ժամկետների հետ կապված. զինծառայողի մայր

Լրագրողների հետ զրույցում զինծառայողներից մեկի մայրը՝ Թեհմինե Ալեքսանդրյանը, ընդգծեց, որ ծնողները բողոք չունեն բանակային պայմաններից, սակայն պահանջում են արդարություն ծառայության ժամկետի հարցում։

«Բոլորս էլ այստեղ ենք։ Նորմալ իրան գալիս են, մենք չենք բողոքում բանակից։ Բանակում ամեն ինչ շատ լավ է՝ կերակուրը, հագուստը, ամեն ինչը նորմալ է։ Ամեն ինչից գոհ ենք»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ նա մատնանշեց անհավասարությունը ծառայության ժամկետներում։

«Իմ տղան գնացել է 2025 թվականի հուլիսի 2-ին։ Բայց իր դասընկերները գնացել են այս տարի։ Նույն դասարանի երեխեք են, նույն տարիքային, պարզապես ծննդյան մի քանի ամսվա տարբերությամբ։ Ստացվում է՝ իմ տղան 2 տարի է ծառայելու, իսկ իր ընկերները՝ տարուկես»,- նշեց նա։ Ալեքսանդրյանը դիմեց իշխանություններին՝ խնդրելով վերանայել որոշումը։

«Մենք խնդրում ենք վարչապետին, պաշտպանության նախարարին, որ այս հարցը չանտեսեն։ Ուզում ենք, որ բոլորս հավասար լինենք»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախարարության դիրքորոշմանը՝ նա նշեց, որ թեև պաշտոնապես հայտարարվել է, որ փոփոխություններ չեն նախատեսվում, այնուամենայնիվ հույս ունեն, որ հնարավոր է վերանայում։

«Գիտենք, որ ասել են՝ փոփոխություն չի լինելու, բայց եթե մի փոքր մտածեն տղաների մասին, կարծում եմ՝ կարելի է լուծում գտնել»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ զինվորները ևս հոգեբանական ծանր վիճակում են, քանի որ տեսնում են անհավասարությունը։

«Տղաները չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ ուզում են իրենց ընկերների հետ հավասար լինել։ Իմ տղան 2 տարի է ծառայելու, բայց տուն է գալու իր ընկերների հետ, որոնք ծառայել են տարուկես»,- ասաց նա։

Ծնողը շեշտեց, որ իրենց պայքարը խաղաղ և կառուցողական է։ «Մենք չենք բողոքում, չենք գոռում, ճանապարհներ չենք փակում։ Մենք հարգանքով ենք դիմում պետությանը, մեր զինվորներին, նախարարին, վարչապետին՝ խնդրելով չանտեսել մեզ»,- նշեց նա։

Անդրադառնալով տեսակետներին, թե հարցը կարող է կապված լինել ընտրությունների հետ, Ալեքսանդրյանը դա հերքեց։

«Մենք ոչ մի ընտրության հետ այս հարցը չենք կապում։ Սա վաղուց գոյություն ունեցող խնդիր է, պարզապես հիմա ենք բարձրաձայնում։ Մեր պարտքն է գնալ ընտրության, ու մենք գնալու ենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք դեռ ամիսներ առաջ դիմել են համապատասխան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել։

«Մոտ 4 ամիս առաջ դիմել ենք թե՛ նախարարին, թե՛ վարչապետին, բայց պատասխան չենք ստացել»,- նշեց նա։

Ալեքսանդրյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստ են հանդիպման պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։

«Այսօր եկել ենք նախարարություն, սպասում ենք, որ մեզ ընդունեն։ Բոլորս չենք մտնելու, մի քանի հոգի կմտնի՝ քննարկման համար»,- ասաց նա։

Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա ընդգծեց, որ չեն պատրաստվում սրել իրավիճակը։

«Չենք կռվելու, չենք եկել կռվի։ Եթե պետք լինի՝ կկռվենք մարտում, բայց այստեղ եկել ենք խնդրելու և պահանջելու հավասարություն»,- ասաց նա։

Վերջում նա անդրադարձավ նաև անվտանգության հարցերին՝ նշելով, որ իրենց պահանջը չի հակասում բանակի շահերին։

«Մեր տղաները միևնույն է ծառայելու են, իրենց պարտքը տալու են հայրենիքին։ Խոսքը միայն ժամկետի մասին է՝ 2 տարվա փոխարեն տարի ու կես։ Մենք ուրիշ բան չենք պահանջում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը