copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:46 21-03-2026

Թբիլիսիում կփակեն Մայր տաճարի մուտքը՝ Պատրիարքի հուղարկավորության կապակցությամբ

Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարի (Սամեբա) մուտքը, որտեղ տեղի է ունենում Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հոգեհանգստի արարողությունը, կսահմանափակվի լույս կիրակի գիշերը․ այնտեղ կպատրաստվեն թաղման արարողությանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Սուրբ Երրորդություն պատրիարքական մայր տաճարը փակ կլինի մարտի 22-ին, ժամը 02:00-ից մինչև 08:00-ն՝ տաճարը կարգի բերելու, ժամերգությանն ու հուղարկավորության արարողությանը նախապատրաստելու, ինչպես նաև պատվիրակությունների ներկայությամբ պայմանավորված անվտանգության չափանիշները պահպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կիրակի առավոտյան Սամեբա մուտքը հնարավոր կլինի միայն անցագրերով. հոգևորականությունից բացի, հուղարկավորության կարգին ներկա կլինեն հրավիրյալ հյուրեր:

Ժամերգությունը կսկսվի ժամը 09:00-ին, այն կգլխավորի պատրիարքական տեղապահ Շիո սրբազանը: Վրաց Ուղղափառ Եկեղեցու հայրապետներին կմիանան Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, ինչպես նաև ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունները:

Շարքային քաղաքացիները կկարողանան գտնվել Սամեբայի բակում. այնտեղ արդեն տեղադրվում են մեծ էկրաններ, որոնցով կհեռարձակվի ժամերգությունը:

Դրա ավարտից հետո Իլյա II-ի մարմինը կտեղափոխվի Սիոնի տաճար, որտեղ կկատարվի նրա հուղարկավորությունը: Թափորը կսկսվի ժամը 15:00-ին:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը և խնդրում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է հրաժեշտ տալ Նորին Սրբությանն ու Երանությանը, սակայն հուղարկավորության արարողության հետ կապված արարողակարգի և այլ տեխնիկական մանրամասների պատճառով բնակչությունը չի կարողանա մուտքը գործել տաճար»,— հավելել են Պատրիարքարանից:

Սամեբա տաճարում հոգեհանգստի արարողությունը շարունակվում է մարտի 18-ից։ Չորս օրվա ընթացքում պատրիարքին հրաժեշտ տալու են եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և մարդկանց հոսքը չի դադարում։ Հոգեհանգստին մասնակցել ցանկացող մարզերի բնակիչների համար կառավարությունը կազմակերպել է անվճար ավտոբուսային և երկաթուղային չվերթներ։

Պետական պահպանության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեն ավելի վաղ լրագրողներին հավաստիացրել էր, որ պետությունը առավելագույն անվտանգություն կապահովի ինչպես հուղարկավորության օրը, այնպես էլ հոգեհանգստի արարողության ժամանակ։