Օրերս Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության անդամների հետ այցելել էր Արտաշատ քաղաք՝ իրենց ձևակերպմամբ` ներկուսակցական քարոզչության շրջանակում։ Այցի ընթացքում Փաշինյանը փորձել է մուտք գործել միրգ-բանջարեղենի խանութներից մեկը, սակայն խանութի սեփականատերը թույլ չի տվել նրան մտնել տարածք։
Oragir.News-ի տեղեկություններով՝ միջադեպից հետո խանութի տերը ենթարկվել է ճնշումների։ Արտաշատում մեր զրույցներից մեկի ընթացքում մի քաղաքացի նշեց, որ խանութի տիրոջը փորձել է ծեծի ենթարկել ինչ-որ նախկին համայնքապետ՝ Փաշինյանին խանութ չթողնելու համար։ Մեր զրուցակիցը հավելեց, որ իր համոզմամբ՝ «խեղճ մարդուն հանգիստ չեն թողնելու»։
Oragir.News-ը փորձեց հանդիպել նաև խանութի տիրոջ հետ։ Վերջինս կտրականապես հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսելուց, սակայն նշեց, որ արդեն հոգնել է ստեղծված իրավիճակից։ Նրա խոսքով՝ տարբեր բլոգերներ առանց թույլտվության նկարահանում են տարածքը, հրապարակումներ անում, թե խանութը փակ է, մինչդեռ իրենք աշխատում են։
Հարցին՝ արդյոք ինքը ենթարկվե՞լ է բռնաճնշումների, քաղաքացին հերքեց և խնդրեց իրեն հանգիստ թողնել։
Այսպիսով, Արտաշատում տեղի ունեցած միջադեպը շարունակում է հանրային քննարկումների թեմա մնալ։ Մինչ խանութի սեփականատերը հրապարակային մեկնաբանություններից հրաժարվում է և հերքում ճնշումների մասին տեղեկությունները, քաղաքացիների շրջանում տարբեր գնահատականներ են հնչում։
Մանրամասները՝ տեսանյութում։