copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:45 23-02-2026

Լիցքավորման կայաններ՝ առանց վերահսկման. շուկայում տիրող քաոսն ու անվտանգային ռիսկերը

Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացումը պետական մակարդակով շարունակում է դիտարկվել որպես ռազմավարական ուղղություն․ վերջին տարիներին ներմուծվող էլեկտրամոբիլների թիվն աճել է, իսկ շուկա մուտք են գործել լիցքավորման կայանների մի շարք օպերատորներ։ Սակայն ոլորտի արագ ընդլայնմանը զուգահեռ ավելի հաճախ են հնչում վարորդների դժգոհությունները՝ կապված լիցքավորման կայանների աշխատանքի, անվտանգության և վերահսկողության բացակայության հետ։

Oragir.News-ը վարորդներից ստացել է բողոքներ, որոնք վերաբերում են ինչպես սարքավորումների տեխնիկական թերություններին, այնպես էլ տրամադրվող հզորության անհամապատասխանությանը։ Իսկ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել Team Energy ընկերության լիցքավորման կայանների վերաբերյալ։ Ընկերության ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների բաժինը ողողված է դժգոհ գրառումներով։ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Team Energy ընկերության հետ, սակայն մեր զանգը մնաց սպասման մեջ։

Վարորդներից մեկը նշում է, որ կայանում լիցքավորելու համար երբեմն ստիպված է լինում փորձել տասը անգամ, մինչ այն սկսում է աշխատել, իսկ զանգահարելով թեժ գիծ՝ ստանում է պատասխան, թե «կայանի հետ խնդիր չկա»։ Մյուս օգտատերը գրում է, որ նշված 240 կՎտ հզորության փոխարեն իրականում ստանում է ընդամենը 45 կՎտ։ Ըստ մեկ այլ վարորդի՝ կայանները լավագույն դեպքում ապահովում են հայտարարված հզորության 50 տոկոսը։

Դժգոհություններ են հնչում նաև լիցքավորման ծավալներից։ Վարորդներից մեկը ներկայացրել է հաշվարկ․ իր ավտոմեքենան ունի գործարանային 80 կՎտժ մարտկոց։ Լիցքավորման է եկել 16 տոկոս լիցքավորվածությամբ (մոտ 12.8 կՎտժ), լիցքավորել է 67 կՎտժ, սակայն արդյունքում մարտկոցի ցուցիչը ցույց է տվել ընդամենը 86 տոկոս։ Նրա խոսքով՝ եթե հաշվարկը ճիշտ է, ապա մոտ 10 կՎտժ «կորել է»։ Վարորդը նաև նշում է, որ մեքենան 2025 թվականի արտադրության է, 3000 կմ վազքով, իսկ տնային լիցքավորման դեպքում նման խնդիր չի առաջանում։

Բողոքները միայն տեխնիկական չեն։ Հարց է բարձրացվում նաև անվտանգության վերաբերյալ․ մի շարք լիցքավորման կայաններ տեղակայված են բենզալցակայանների և գազալցակայանների անմիջական հարևանությամբ, ինչը վարորդների կարծիքով՝ կարող է ռիսկեր առաջացնել։

Փորձելով պարզել, թե որ պետական կառույցն է վերահսկում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների գործունեությունը, Oragir.News-ը կապ է հաստատել մի քանի գերատեսչությունների հետ։

Շուկայի վերահսկման տեսչական մարմնից հայտնեցին, որ ոլորտը իրենց վերահսկողության ներքո չէ։ Նույն պատասխանը ստացվեց նաև Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ Էկոնոմիկայի նախարարությունից ևս հայտնեցին, որ լիցքավորման կայանների գործունեության վերահսկումը իրենց լիազորությունների շրջանակում չի գտնվում։

Մեզ հասած տեղեկություններով՝ ներկայումս էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները գործում են որպես ինքնավար ենթակառուցվածքներ, և որևէ պետական մարմին չի իրականացնում դրանց համակարգային վերահսկողություն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ ոլորտի կարգավորման վերաբերյալ նախագիծ է մշակվում, սակայն այս պահին նախարարությունը ևս չի իրականացնում գործող կայանների վերահսկողություն։

Այսպիսով պարզվեց, որ էլեկտրամոբիլների խթանման քաղաքականությանը զուգահեռ՝ լիցքավորման ենթակառուցվածքների վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա է կարգավորման վակուում։ Եվ մինչ պետական կառույցները կհստակեցնեն պատասխանատվության շրջանակները, վարորդները շարունակում են բախվել տեխնիկական, հզորության համապատասխանության և հաշվարկների թափանցիկության խնդիրների հետ։


Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից