Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 19:31 19-02-2026

Սաֆարովի նման մարդասպանը «հերոսացվում է» պետական մակարդակով, բայց Ալիևը մեզ է կոչում «նացիստ». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցը։ 2004թ. հենց այս օրը Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։

22 տարի առաջ՝ փետրվարի 19-ի առավոտյան, ժամը 5-ին, Սաֆարովը մուտք է գործում հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված էր հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից գոռգոռացել էր Սաֆարովի վրա և դուրս վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին գնացել էր մյուս հայ սպա Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ էր եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել էր Սաֆարովին։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ. օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց։

Այս տարի նրան շնորհվեց գնդապետի կոչում։ Այսինքն՝ այս սարսափելի սպանությունից 21 տարի անց Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են պարգևատրել Սաֆարովին։ Ես կարդացել եմ դատական նիստի սղագրությունը տարիներ առաջ, հետո տեսել եմ Սաֆարովի «հերոսացումը» Ադրբեջանում։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել նման դաժան մարդասպանի «հերոսացումը», առավել ևս՝ պետական մակարդակով։ Բայց այսքանից հետո դեռ Ալիևը մեզ կոչում է «նացիստ»։

Չգիտեմ՝ մենք խելքի ու ընկալումների հետ կապված թերանո՞ւմ ենք, թե Ադրբեջանի ղեկավարությունն է համառ և հետևողական իր հանցավոր վարքում։ Հիշեցնեմ, որ նման դաժանության արարքներ հետագայում տեղ գտան Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ՝ 2016-ի ապրիլին, 2020-ին, իսկ ՀՀ-ի դեմ պատերազմում՝ 2022-ի սեպտեմբերին, երբ դաժանաբար սպանվել և անդամահատվել էր հայ կին զինծառայողը։ Ադրբեջանում ոչ մեկ երբեք պատասխանատվության չի ենթարկվել այս հանցանքների համար, հակառակը՝ այդ ամենը խրախուսվել է հենց Ալիևի կողմից…

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան