«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։
Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ «կյանք ու մահի» կռիվ տված պատգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Ղազարյանը, աշխատում է Վարչապետի աշխատակազմում և համակարգում է վերջինիս արարողակարգային հարցերը։
-
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։
Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։
Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։
-
«Իրավունք» թերթը գրում է. «Բաքվի գերությունից այսօր վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է , հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։ Այս մասին «Իրավունքին» պատմեց դուստրը՝ Վերա Խաչատրյանը․
-Հայրիկը բարձր տրամադրություն ունի, կարոտած ա շատ, մեզանից է հարցնում, նրան հետաքրքիր է ամեն ինչ։ Գերությունից բացարձակ չենք խոսում, ոչ ինքը, ոչ մենք այդ թեման չենք արծարծում։ Էական փոփոխություններ հայրիկիս մոտ չենք նկատում, ուղղակի ծերացել է շատ, աչքերում էլ խորը թախիծ կա, պարբերաբար աչքերը լցվում է։