copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:28 31-12-2025

Աղոթում եմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ամանորյա և սուրբծննդյան ուղերձ է հղել կալանավայրից․

«Սիրելի՛ հավատացյալ հայ ժողովուրդ,

Նոր տարվա շեմին և Սուրբ Ծննդյան լուսեղեն խորհրդի մեջ, թեև մարմնապես ձեզնից հեռու եմ, սակայն հոգով, աղոթքով և սիրով՝ ձեր կողքին եմ։ Անազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում, քանզի ոչ կապանքները, ոչ նեղությունները, ոչ հալածանքնեը, ոչ վտանգները չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հմմտ․Հռոմ․ Ը․ 35)։

Այս օրերին, երբ մարդկային անարդարությունն իր ծանր շունչն է զգացնել տալիս, առավել հստակ ու վճիտ է հնչում Տիրոջ Ծննդյան ավետիսը։ Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում․ այն այստեղ է՝ մխիթարելու վշտացած սրտերը, զորացնելու թուլացած հոգիները և հույս ներշնչելու նրանց, ովքեր սպասում են արդարությանը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայի ԽԱ․10)։ Այս խոսքը հնչում է ոչ միայն Սուրբ Գրքի էջերից, այլև յուրաքանչյուր փորձության խորքից։ Այն զորացնում է ինձ այս պայմաններում և հավատով վստահ եմ, որ նույն խոսքն է ամրացնում նաև ձեզ՝ ձեր անձնական խաչերը կրելու ու դժվարությունների մեջ։ Մարդկային անարդարությունը ժամանակավոր է, իսկ Աստծու ճշմարտությունը՝ հավիտենական։ Եվ ինչպես Տերն Ինքը վկայեց․ «Կճանաչեք ճշմարտությունն, ու աւյն կազատի ձեզ» (Հովհ. Ը․ 32)։

Այս սուրբ օրերին աղոթում եմ ձեզանից յուրաքանչյուրի համար՝ ձեր ընտանիքների խաղաղության, ձեր զավակների լուսավոր ապագայի, ձեր հավատքի անսասանության համար։ Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը։ Աղոթեք նաև դուք՝ հոգևոր դասի ուխտապահության և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Հատուկ աղոթք և որդիական մաղթանք եմ հղում Նորին Սրբությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպեսզի Սուրբ Ծննդյան անճառելի խորհրդով պարուրված Ամենաբարձրյալ Տերն Իր Սուրբ Աջի ներքո պահի և պահպանի Նրան՝ պարգևելով քաջառողջություն, իմաստություն և հայրապետական զորեղ ու ծաղկյալ գավազան՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Թող այս բերկրալի տոները դառնան խաղաղության, միասնության, ապաշխարության և հոգևոր հաղթանակի սկիզբ։ Թող Նոր տարին մեզ առաջնորդի դեպի լույս, ճշմարտություն և ներքին ազատություն, որ սկիզբ է առնում սրտից։
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը