copy image url
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:35 29-10-2025

ՏԿԵ նախարարը դե՞մ է վարչապետի օրակարգին, թե՞ ստում է Փաշինյանը

ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացն ի՞նչ եղավ։ Այս հարցի պատասխանը հոկտեմբերի 28-ին լրագրողներն ուզում էին ստանալ ՏԿԵ նախարարից։ Շարունակո՞ւմ է օրակարգում մնալ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, հարցում էին լրագրողները։

«Ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո այդ հարցին կպատասխանենք»,- ասել է Դավիթ Խուդաթյանը։

Ինչո՞ւ նախարարը չպատասխանեց պարզ հարցին։ Եվ արդյո՞ք կազգայնացվի ՀԷՑ-ը։

Ամիսներ առաջ Փաշինյանը վստահ ասում էր, որ ՀԷՑ-ը մի քանի շաբաթում կազգայնացվի։ ՔՊ վերջին համագումարում էլ նա ընդգծել է, որ ագայնացման պրոցեսն անկասելի է և աներկբա գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով։ «Սցենար մեկ ՀԷՑ-ը ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական։ Եվ սցենար թիվ երկու՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Բոլոր դեպքերում ՀՀ-ն կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը։ Այս երկրորդ սցենարով, ընդ որում, կգնանք միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի ծախսերը պետական բյուջեի համար անհամաչափորեն մեծ են»,- ասել է նա։

Այսքանը բավարար է, որ նախարարը սպառիչ պատասխաներ ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ հարցին։ Սակայն Դավիթ Խուդաթյանն այլ բան է ասում։ Այսպիսով՝ հանրային խոսույթում առաջ է գալիս 2 վարկած։ Առաջինը՝ ՏԿԵ նախարարը դեմ է վարչապետի առաջարկած օրակարգին։ Երկրորդը՝ Փաշինյանը ստում է, ասելով, թե ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացն անկասելի է։

Դավիթ Խուդաթյանը նվիրյալ թիմակից չէ, մյուսների պես չէ, քանի որ ժողովրդին բացահայտ չի ատում։ ՏԿԵ նախարարն ի պաշտոնե մեծ ազդեցություն ունի մարզպետերի, ՏԻՄ-երի վրա, որոնց կազմակերպված աշխատանքն ապահովում են կուսկացության արդյունքներն ԱԺ ընտրություններում։ ՔՊ ընտրակա շտաբի ստվերային պետն է Դավիթ Խուդաթյանը։ Այսինքն՝ նրա խոսքին ոչ ոք չպիտի առարկի տեղերում, որ ՔՊ-ն լավ արդյունքներ ցույց տա։ Թերևս՝ սա է պատճառը, որ նա պարզապես չի կրկնում Փաշինյանի խոսքը, հիմք տալիս ենթադրելու, թե քաղաքական ուրույն դեմք է, պտուտակ չէ, ինչպես ՔՊ-ականների մեծ մասը։

Առավել ուշագրավ է երկրորդ վարկածն, ըստ որի՝ Փաշինյանը ստում է, իրականում՝ ՀԷՑ-ի ազգայնացման օրակարգ չկա։ ՏԿԵ նախարարն էլ, հավանաբար, գիտի կամ հասկանում է, որ վարչապետը ստում է։ Եվ թերևս սա է պատճառը, որ Դավիթ Խուդաթյանը չի ուզում կրկնել սուտը, խոսում է ինչ-որ ուսումնասիրությունների ամբողջացման մասին։

Հանրության շրջանում ևս տարածվում է կասկած, թե ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթաց չկա։ Իսկ եթե կա էլ, ապա այն կանգնած է, քանի որ սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, ում հետ պետք է բանակցեն ազգայնացման պայմանների մասին, կալանավորված է։ Կա նաև միջազգային արբիտրաժի որոշում, որն ամենայն հավանականությամբ՝ կաշկանդում է ՔՊ-ական իշխանություններին։

Ի վերջո՝ կա Մոսկվայի հետ պայմանավորվածությունների պարագան, ըստ որի՝ Փաշինյանը ռուսական շահերի դեմ չի գործելու։ Հավանաբար՝ Մոսկվայից ևս հորդորել են Փաշինյանին, որ մինչև 2026-ի ընտրությունները ձգձգի ՀԷՑ-ի թեման։ Ու եթե ընտրություններն անցնեն Մոսկվայի սցենարով, և Փաշինյանը վերընտրվի, ապա դրանից հետո գուցե Սամվել Կարապետյանը ՀՀ կառավարությանը կզիջի ՀԷՑ-ի որոշ բաժնեմասը։ Այսինքն՝ ՀԷՑ-ն ազգայնացնելն ունի քաղաքական համատեքստ, որի մասին, հավանաբար, գիտի նաև ՏԿԵ նախարարն։ Ու այդ պատճառով նա անորոշ է պատասխանում ՀԷՑ-ի ազգայնացման մասին պարզ հարցին։

Կարճ ասած՝ այսօր Փաշինյանի նախանշած երկու սցենարների ուղղությամբ տեսանելի որևէ քայլեր չեն արվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանություններն առաջիկայում Սամվել Կարապետյանի ընկերությանը չեն զրկելու լիցենզիայից։ Այսինքն՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու թեմա օրակարգում արդեն չկա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին