copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:25 02-08-2025

Քոչարյանը վերընտրվելու շանս է տալիս Փաշինյանին

Քաղաքական հավակնությունը համարժեք քայլեր է ենթադրում։ Եթե դրանք չեն արվում, ապա հավակնությունն իրական չէ, բլեֆ է։

«Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրողների մի զանգվածի վրա շարունակում է ազդեցություն ունենալ, բայց փաստ է նաև այն, որ նրանց թիվը շեշտակի նվազել է։ Փաշինյանի վարկանիշի անկումը թրենդի մեջ է, ինքը գրեթե շանս չունի վերարտադրվելու»,- օգոստոսի 1-ին «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ինչո՞ւ չի կարող կրկնվել 2021-ի պատկերը։ Եվ ի՞նչ են անում, որ Նիկոլը պարտվի։

2021-ի ընտրություններից առաջ ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանին համարում էր դավաճան։ Պարտության, կորուստների ցավն անտանելի էր։ Պետությունը ողբալի իրավիճակում էր Փաշինյանի սխալների պատճառով։ Տպավորություն էր, թե լավ կազմակերպված ուժը կարող է տապալել ՔՊ-ին։ Մի ստվար հատված հույս ուներ, որ Քոչարյանի առաջնորդած դաշինքը կհաղթի։ Բայց նա պարտվեց 2021-ին։

Եթե 2-րդ նախագահը կարծում է կամ հույս ունի, որ կարող է հաղթել 2026-ին, ապա առաջին հերթին պետք է վերլուծի 2021-ի պարտության պատճառները։ Եթե հանդես է գալու գաղափարական նույն դիրքերում, նույն մարտավարությամբ, ապա պատկերն, ամենայն հավանականությամբ՝ նույնն է լինելու։

Պարտության պատճառներից առաջինը ռուսամետ դիրքորոշումն էր։ Փաշինյանն անձամբ խոստովանել է, որ ամենաֆորպոստի վարչապետ էր այդ ժամանակ։ Այսինքն՝ Փաշինյանը ռուսամետ դիրքերում ամուր կանգնած էր։ Եվ օինաչափ էր, որ ռուսամետ դիրքորոշումներով հանդես եկող Քոչարյանը պարտվեց։

Ներկայումս ռուսների դիրքերն առերևույթ թուլացել են ՀՀ-ում՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս են հրավիրվել, հայ-ադրբեջանական սահմանում չկան, Մեղրիի անցակետից հեռացվել են, ՀՀ-ն միացել է Հռոմի ստատուտին։ Սակայն Փաշինյանը մնացել է հավատարիմ հայ-ռուսական օրակարգին, Մայիսի 9-ին գնում է Մոսկվա պառադի, Հունիսի 14-ին ուրանում է խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակը։ Այսպիսով՝ հիմք է տալիս ենթադրելու, որ դեռ ֆորպոստի վարչապետ է։

Եթե 2021-ին ռուսամետ դիրքորոշմամբ քվե ստանալու հույս կար, ապա ներկայումս այդ չկա։ Ժողովրդի մեջ Կրեմլի հանդեպ հակակրանքը բազմապատկվել է օբյեկտիվ պատճառներով՝ ՌԴ-ն մեղսակից է դարձել արցախահայերի բռնի տեղահանմանը, ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիաները չի դատապարտել և ՀՀ ինքնիշխան իրավունքները չի ճանաչել։ Հետևաբար՝ ռուսամետությունը ընտրազանգված չի ապահովելու։

Ենթադրենք՝ Ռոբերտ Քոչարյանի հույսը Մոսկվայի աջակցության վրա է։ Եթե 2021-ին Մոսկվան աջակցել է Քոչարյանին, բայց վերջինս պարտվել է, նշանակում է՝ Մոսկվայի աջակցությունը որոշիչ չի եղել 2021-ին։ Ի՞նչ է փոխվել աշխարհում, որ 2026-ին որոշիչ է լինելու։ Իսկ եթե Մոսկվայի աջակցությունը որոշիչ է եղել 2021-ին, ապա կարելի է պնդել, որ Կրեմլն աջակցել է Փաշինյանին։ Նույն կերպ կաջակցի նաև 2026-ին, որովհետև Փաշինյանն այնքան շատ բան է արել պատժամիջոցների տակ ճզմված Մոսկվայի համար, որ ռուսները դեռ մի բան էլ պարտք են։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «5-րդ ալիք» հեուստաալիքին տված հարցազրույցը հիմք տվեց ենթադրելու, որ նա 2021-ի պարտությունից դաս չի քաղել, նույն սխալ ուղեգիծն է շարունակում, որը վերընտրվելու շանս է տալիս Փաշինյանին։ Իսկ եթե Քոչարյանը փոխի դիրքորոշումը, հանդես գա անկախության և ժողովրդավարության դիրքերում, որպես ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ջատագով, ապա գուցե հաղթելու և ՀՀ իշխանությունը որակապես փոխելու շանս կունենա։ Այս պարագայում կարելի է վստահ ասել՝ Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց տվեց, որ 2026-ի ընտրություններում հաղթելու համար համարժեք քայլեր չեն արվում։ Պատկերավոր ասած՝ «անիվը սելի նորից կկոտրվի իր սիրած փոսում»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից