Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:00 29-07-2025

Պոտենցիալ տուգանողները կխորտակեն Փաշինյանի նավակը

Տարօրինակ եզրեր են կիրառում ՔՊ-ականները։ «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև պոտենցիալ տուգանել խախտողներին»,- ասել է Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Ի՞նչ է նշանակում «պոտենցիալ տուգանել խախտողներին», և ի՞նչ հետևանքներ կլինեն։

Հանրության մի մասին մոտ տպավորությունը ստեղծվեց, թե խոսքը պոտենցիալ խախտողների մասին է, և տուգանելու են պոտենցիալ խախտողներին։ Այսինքն՝ քաղաքապետարանի տեսուչները տրանսպորտում կարող են որոշել, որ, օրինակ՝ Դուք պոտենցիալ խախտող եք ու Ձեզ տուգանել։

Բռնապետություններին բնորոշ եզր է «պոտենցիալ հանցագործը»։ Խորհրդային բռնազավթման տարիներին, եթե Դուք սև շորով, սև ակնոցով, սև գլխարկով և զգուշավոր դ իրքով կանգնեիք փողոցին հարակից շենքի անկյունում, ապա որոշ ժամանակ անց Ձեզ կմոտենար միլիցիոներն ու կխնդրեր գնալ բաժին, քանի որ Դուք կասկածելի տեսք ունեիք, նման էիք հանցագործի։ 1937-ին գրված մատնագրերի մեծ մասում ողջամիտ ապացույցներ չեն եղել, փոխարենը գրված է եղել՝ «պոտենցիալ թշնամի»։ Օրինակ՝ Ստալինի մասին անեկդոտ պատմողը որակվում էր ժողովրդի պոտենցիալ թշնամի ու աքսորվում Սիբիր։

Դժվար, թե՝ Տիգրան Ավինյանը նկատի ուներ, որ քաղաքապետարանի տեսուչները տրանսպորտում ուղևորների արտաքին տեսքով, վարքով են որոշելու «պոտենցիալ խախտողներին» ու տուգանելու նրանց։ Ենթադրելի է, որ Ավինյանի խոսքը չի վերաբերվել պոտենցիալ խախտողներին։ Պոտենցիալ խախտող չի կարող լինել ժովովրդավարական Հայաստանում, ինչպես և՝ չի կարող լինել պոտենցիալ հանցագործ։ Ավինյանի խոսքի համատեքստը վերլուծելով, կարելի է նկատել, որ ասվածը վերաբերում է պոտենցիալ տուգանողներին։ Նախընթաց զեկուցողը տեղեկացնում էր, որ վերապատրաստում են տուգանելու գործառույթ իրականացնող տեսուչների։ Հավանաբար՝ վերապատրաստվող տեսուչներին նկատի ունենալով, Ավինյանն ուզեցել է ասել է, թե պոտենցիալ տուգանողներ կան, և այս շաբաթ նրանք պատրաստ կլինեն գործի դրվելու։ Սակայն չի կարողացել սահուն ձևակերպել ասելիքը, տեղիք տալով տարընթերցումների։ Այսինքն՝ պոտենցիալ տուգանողը այն ծառայողն է, որն անհրաժեշտ վերապատրաստում է անցել և այս շաբաթ արդեն կարող է գործի դրվել՝ տուգանելով այն ուղևորերին, որոնք առանց իրավունքի՝ անվճար կօգտվեն քաղաքային տրանսպորտից։

Քաղաքապետարանն այս պատժիչ քայլին դիմում է, քանի որ ավինյանական տրանսպորտային բարեփոխումը տապալված է։ Քաղաքապետարանը չի կարողանում նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ գնել, փող չունի։ Թանկացումից հետո թերհավաքագրումներ են։ ՔՊ-ական իշխանությունները չեն ընդունում, որ դրանում մեղավոր են Ավինյանն ու քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք թերհաշվարկ են արել, սխալ ծրագրեր, սխալ սակագնային փաթեթներ կազմել։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, որի կառավարությունը չի կարողանում բարեկեցության մակարդակը բարձրացնել, որ 150 դրամ վճարելը մարդկանց մի մասի համար խնդրահարույց չլինի։ Ու ՔՊ-ական իշխանությունները, իսկական հեղափոխականի պես, մեղավոր են հռչակում ժոովրդին։ Նրանց աչքում ժողովուրդն է մեղավոր, որ Ավինյանը չի կարողանում շարունակել տրանսպորտային բարեփոխումները։

Պոտենցիալ տուգանողներին գործի մեջ տեսնելուց հետո մարդիկ, հավանաբար, կկարծեն, որ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը ժողովրդին չեն սիրում, իրենց սխալներն ու բացթողումներն ուղղելու փոխարեն՝ պատժում են ժողովրդին։ Ոմանց կարծիքով՝ հակաժողովրդական այս նախաձեռնությունը կբարձրացնի ՔՊ-ի վարկանիշը։ Ավելի շատ մարդիկ կվախենան ժողովրդին տուգանքի մատերիալ դարձրած իշխանություններից ու խելոք կընտրեն Նիկոլ Փաշինյանին։

Սակայն կա նաև լավատեսություն, որ եթե տուգանողներն առաջիկայում անցնեն գործի, ապա ՔՊ-ի ժողովրդականությունը շեշտակի կընկնի, հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի պարտությանը 2026-ի ԱԺ ընտրություններում։ Պատկերավոր ասած՝ պոտենցիալ տուգանողները կխորտակեն ՔՊ-ի նավակը 2026-ին։

Թաթուլ Մկրտչյան