«Սահմանի երկայնքով կամ շփման գծի երկայնքով միշտ էլ եղել են այնպիսի տեղեր, որտեղ վերահսկողությունից և լանդշաֆտից ելնելով, հնարավոր էր մոլորվել, հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ եղած տարածքում։ Այդպիսի դեպքեր մենք ունեցել ենք, եղել է, որ մարդիկ մոլորվել, կորել են, հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Երբեմն շատ հիմնավոր կասկած է եղել, որ առևանգվել են, ու խոսքը դեռ մինչև 2018 թ․-ին է վերաբերում։ Այս դեպքում իրականում այնպես են հաղորդագրությունները արվում և այնպես են պատասխանում լրագրողներին, պաշտոնական մարմիններին, որ հնարավորինս խառնեն, խառնաշփոթը լուծել հնարավոր չլինի։ Երբեմն հնարավոր չի եղել իրականությունը լիարժեք վերականգնել, հասկանալ՝ կոնկրետ, ո՞ր հատվածում է եղել դեպքը։ Դա Հայաստանից օկուպացված տարածքո՞ւմ է եղել, թե՞ գուցե, դա եղել է հենց, ՀՀ տարածքից են իրանց առևանգել, դա էլ է հնարավոր։ Էլ չասեմ, այն հարցերի մասին, որոնց ընդհանրապես պատասխաններ չկան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, խոսելով հունիսի 6-ին ԱԱԾ կողմից հայտարարություն տարածելու մասին, ըստ որի՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Խոսելով ասյպիսի հաղորդագրությունների կարևորության մասին, փորձագետը հավելեց․
«Սա լրջագույն խնդիր է։ Նույն այդ անընդհատ կրակոցների խնդիրը, որը Պաշտպանության նախարարությունը այնպես է կոծկում, պաշտպանելով Ադրբեջանին, կարծես՝ իրականում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մասնաճյուղ լինեն, որ նույնիսկ զինվորները սովորել են, խուճապի չեն մատնվում։ Կամ ինչ-որ ՔՊ-ական պատգամավոր ասում է, թե տեղի բնակիչները սովորել են կրակոցներին և այլն, ուղղակի զառանցանք է։ Այսինքն՝ ամբողջ քաղաքականությունը տեղեկատվական այս հարցով կառուցված է Ադրբեջանի շահերն առավելագույնս լավ սպասարկելու տեսանկյունից։ Իսկ օրինակ՝ հայ հանրության, Հայաստանի քաղաքացիներին իրազեկելու, հստակություն մտցնելու նպատակ ընդհանրապես չկա, հակառակն է՝ շփոթացնել, անորոշության մեջ գցել, հնարավորինս խառնաշփոթ ստեղծել»,- կարծիք հայտնեց փորձագետը։
Նշենք նաև,
Oragir.News-ը Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանից տեղեկացավ, որ երեխաները ձի գտնելու նպատակով մեկ այլ ձի են նստել և մոլորվել են տարածքում, հայտնվելով Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։
Սակայն ադրբեջանական կողմից տեղեկատվության հերքման կամ հաստատման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չհնչեց։
Խոսելով ԱԱԾ հայտարարությունների և դրանց թերահավատության մասին, Վրթանեսյանը հիշեցրեց, որ նույն այս կառույցը դեռ 44-օրյա պատերազմի հաջորդող ամիսներին Հայանպաստ գործունեություն չէր ծավալում։ Եվ այդ ժամանակից ի վեր վստահություն չի ներշնչում։
«Օրինակ, ադրբեջանցի զինվորականներին բռնել ու միանգամից շտապ բաց է թողել նույն ԱԱԾ-ն։ Եվ գաղտնի են պահել դա մինչև հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրանց արդեն հետ էին հանձնել՝ այն դեպքում, որ մենք ունենք բազմաթիվ պատանդներ Ադրբեջանում։ Կամ հայտարարում էին, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ավելի անվտանգ կդարձնի երթևեկությունը։ Այդ հատվածը, որ հանձնեցին ադրբեջանցիներին, ահավոր խնդիրներ ստեղծեց Հայաստանի համար, ամբողջությամբ։ Ըստ էության՝ Սյունիքի մատակարարումը, ամբողջ լոգիստիկան, ճանապարհային կոմունիկացիան, մազից է կախված»,- ասաց Վրթանեսյանը։
Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեից
հայտնեցին, որ Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Իսկ դրանից ժամեր անց լրատվամիջոցներին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ տղաները վերադարձել են, առանց այլ մեկնաբանությունների։
Ի վերջո՝ հաջորդ օրը ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ
հայտարարությամբ, հերքելով առևանգման մասին վարկածը․ «Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։
Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնեց ԱԱԾ-ն։
Վրթանեսյանը նշեց նաև որ այս ամենը, ոչ այլ ինչ է՝ քան ադրբեջանական շահերի սպասարկում․ «Արդեն առնվազն 4,5 տարի է, իրենց տեղեկատվական քաղաքականությունը ամեն կերպ սպասարկում է հակառակորդի շահերը, Ադրբեջանի շահերը, այլ ոչ թե Հայաստանի շահերը»։
Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյո՞ք այս ամենը ԱԱԾ ներկայիս տնօրենին Արմեն Աբազյանի դեմ կարող է լինել, Վրթանեսյանը կոնկրետ պատասխան չուներ․ «Նա հլու հնազանդ կամակատարն է այս ռեժիմի, այնպես որ, չգիտեմ»։
Ստացվում է՝ ԱԱԾ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հակասում են մեկը մյուսին և նույնիսկ հավատ չեն ներշնչում։
Այսպիսով՝ պաշտոնական հաղորդագրությունների միջև որոշ հակասություններ են ի հայտ գալիս, ինչը հանրային դաշտում առաջացնում է հարցեր և որոշակի անվստահություն՝ թե՛ դեպքի իրական մանրամասների, և թե՛ գերատեսչությունների հաղորդակցության առումով։