copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:47 01-04-2025

Բաքվում բարձրաձայնե՛ք Արցախի ժողովրդի արդար իրավունքների հարցը․ կաթողիկոսը՝ Գերմանիայի նախագահին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։

Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք բարձրացրեցին առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։

Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց Մայր Տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա