Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:49 25-02-2025

Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում․

Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով, ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինություններըը: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։

Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,
Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին, ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն:

Ամենից շատ դիտված

14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ