Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:30 21-02-2025

ԱԱԾ-ի ցուցումո՞վ են էապես փոխել դատարանի որոշումը

Արդարադատության նկատմամբ հանրային վստահության բացակայությունը հանգեցնում է քաոսի, հանցագործությունների աճին, ի վերջո՝ հասարակության այլասերմանն ու պետության կործանմանը։ Այս ռիսկը հաշվի առնելով, կարևոր է դատական իշխանության անկախությունը։ Տևական ժամանակ հոգևոր իշխանության իրավասության շրջանակում էր արդարադատությունը։ Ժողովրդավարական աշխարհում դատական իշխանությունը առանձին, անկախ ճյուղ է։ Եվ այս հանգամանքը վստահություն է ներշնչում մարդկանց, որ արդարությունը վեր է հատվածական շահերից։

Փետրվարի 20-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոպտորեն ոտնահարելով արդարադատության տարրական նորմերը, հետին թվով էական բովանդակային փոփոխության է ենթարկել թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով 2024-ի հոկտեմբերի 7-ին իր իսկ ընդունած դատական ակտը: 2025-ի փետրվարի 14-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից պարզվել է, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024-ի նոյեմբերի 15-ին կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» վերտառությամբ որոշում, որը չի առաքվել դատավարության կողմերին և, որով հիմնովին փոխվել է նույն դատարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված դատական ակտի էությունը։ Ընդ որում՝ «Վրիպակի ուղղում»-ն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նույն դատարանի «ուղղվող» որոշումն (առանց վրիպակի) շուրջ 2.5 ամիս առաջ բողոքարկված էր Վճռաբեկ դատարանում։

Այս գործի հայցվորը հանրային հայտնի գործիչ Կարեն Հեքիմյանն է։ Սա պարզ գործ է։ Օրինական հիմքերն անառարկելի, անվիճարկելի են։ Դատարաններն առաջնորդվել են օրենքով և միանշանակ արդար վճիռ ընդունել։ Սակայն գործը Վճռաբեկ դատարանում քննելու ընթացքում Վերաքննիչը «Վրիպակի ուղղում» վերտառությամբ հետին ամսաթվով որոշում է ընդունել էապես փոխելով իր օրինական վճիռը։

Այս աղաղակող խայտառակությունը կարող է քայքայել հանրային վստահությունը դատարանի նկատմամբ, խախտել ներքին խաղաղությունն ու ստեղծել քաոս։ Հետևաբար՝ հարց է ծագում՝ ո՞վ է Վերաքննիչ քաղաքացիական դատարանին ստիպել հետին ամսաթվով էապես փոխելու իր ընդունած դատական ակտը։ Այդ ի՞նչ հակաժողովրդավարական, հակահասարակական, հակաքաղաքացիական կառույց կարող է այսպիսի սադրանքի դիմել։

Կասկածի առաջին սլաքն ուղղվում է Վճռաբեկ դատարանի կողմը, քանի որ ներկայում գործընթացը նրա վարույթում է։ Սակայն Վճռաբեկ դատարանը դատական իշխանության հեղինակության պահպանման թիվ 1 ջատագովն է։ Ուստի՝ քիչ հավանական է, որ Վճռաբեկն է ստիպել Վերքաննիչին փոխելու որոշումը։

Մեկ այլ վարկածով՝ այս խայտառակության մեջ ավելի ազդեցիկ կառույց է ներգրավվել։ Օրինակ՝ ԱԱԾ-ն, ում համար, ենթադրաբար՝ կարևոր չէ դատարանի հանդեպ հանրային վստահությունը, դատարանի հեղինակությունը։ Տևական ժամանակ ԱԱԾ-ն գործել է ռուսական թելադրանքով, սպասարկել ռուսական հետաքրքրություններ, հնարայնացրել ռուսական նարատիվներ, հակաժողովրդավարական գործելաոճ դրսևորել։ Եթե Վերաքննիչ դատարանն, իրոք, ԱԱԾ-ի ցուցումով է փոխել իր որոշումը, ապա կարող ենք ասել, որ ԱԱԾ-ն շարունակում է գործել քաղաքացու, ներքին խաղաղության, քաղաքական համայնքի, իշխանության հեղինակության դեմ։ Եվ եթե ԱԱԾ-ն կարող է ստիպել դատավորին էապես փոխելու որոշումը, նշանակում է՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում է ոչ թե անկախ դատարանն այլ ԱԱԾ-ն։ Այդպես խորհրդային բռնազավթման տարիներին Չեկան էր տռոյկաներով հանցագործում մարդկության դեմ։

Պարզ ասած՝ սա ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության դեմ սադրանք է, որի կողքով անտարբեր անցնելու իրավունք չունեն ԲԴԽ-ն, Արդարադատության նախարարությունը, դատավորների էթիկայի հանձնաժողովը։ Իսկ եթե այս խայտառակ անարդարությունն, այնուամենայնիվ, համարվի նորմալ, ապա այն բարոյապես քայքայելու է հասարակությունը, անվտանգային իրական սպառնալիք է ստեղծվելու, որի պատասխանատուն համարվելու է ոչ թե դատարանի հեղինակությունը ոչնչացնող ինչ-որ մութ կառույց, ԱԱԾ-ն կամ նրա կողմից ճնշման ենթարկված դատավորն, այլ ԲԴԽ-ն և արդարադատության քաղաքականությունը որոշողը։

Թաթուլ Մկրտչյան

Հ․Գ․
Հոդվածն արդեն գրվել էր, երբ Դատալեքսում հետին թվով հրապարակվեց Վերաքննիչ դատարանի 3 դատավորներից մեկի «Հատուկ կարծիքը»։ Վերջինս գրել է, որ սկզբնապես համաձայն չի եղել «Վրիպակն ուղղելու» որոշման հետ։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը