Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն իր աշխատանքային առաջին օրվանից լծվել է ոչ թե Գյումրիում առաջացած խնդիրների լուծմամբ, այլ զբաղված է իր քաղաքական թիմի համար մեկ այլ կարևոր գործով` ապօրինի քարոզարշավով։
Oragir.News-ը մի քանի օր առաջ էր
գրել, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ամեն օր բակային հանդիպումներ է ունենում Գյումրիի թաղամասերում, պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում։
Oragir.News-ը Գյումրիում ապրող և ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիներից ստացել է տեղեկություններ, որ քաղաքապետարանից իրենց հորդորում են, որպեսզի իրենց քվեն տան ՔՊ-ի թեկնածուին` Սարիկ Մինասյանին։
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ ձեռքերը ծալած չի նստում։ Գրեթե ամեն օր քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում, լսում գյումրեցիների հոգսերն ու խնդիրները, երբեմն նաև դրանց լուծում տալիս ու անպայման սոցցանցի իր էջում հրապարակում։ Մինասյանի թիրախում սոցիալապես խոցելի խմբերն են` ծերեր, անապահով ընտանիքներ։
Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը 2018 թ. մարտից մինչև 2019 թ. հունվարը զբաղեցրել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնի պետի պաշտոնը, 2021 թվականից մինչև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը զբաղեցրել է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ կուսակցություններով անցած Սարիկ Մինասյանը վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս ընտրություններին իր հարևանների բարեկամներն էլ են իրեն
քվե տալու։
Թե որտեղից է գալիս Սարիկ Մինասյանի այդքան վստահությունը, դեռևս պարզ չէ, երբ անգամ ընտրությունների քարոզարշավի մեկնարկ տրված չէ և անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների անունները դեռևս վերջնական չեն։
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։