copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:10 09-01-2025

Սևանա լճից 470 կգ սիգի գողությունը կանխվել է․ 2 ձկնորս ոստիկանություն է տեղափոխվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի՝ Սևանի ափամերձ տարածքներում կանխվել է լճից ընդհանուր առմամբ 470 կգ սիգ տեսակի ձկան գողությունը։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Ձկնագողությունը հնարավոր է եղել կանխել շնորհիվ ԲԸՏՄ-ի, ՆԳՆ ջրային պարեկային ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցների իրականացրած շուրջօրյա խստացված վերահսկողության արդյունքում։

«Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ՝ 54 կգ «սիգ» տեսակի ձուկ։ Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավվել է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հունվարի 9-ին, ժամը 2։15-ի սահմաններում էլ Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում են փորձել ձկնագողություն անել։ Ձկնորսները հեռվից նկատելով տեսուչներին և թողնելով 410 կգ ապօրինի որսված սիգը՝ դիմել են փախուստի։

Ներկայում այդ ձկնագողերին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։