Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Գյումրիի ՔՊ գրասենյակում ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ գաղտնի նիստ է եղել։ Դավիթ Խուդաթյանը և Գևորգ Պապոյանը Գյումրիի ՔՊ տարածքային կառավարման խորհրդի նիստում քննարկել են Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին թիմակիցների անելիքները։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` կոնկրետ հանձնարարականներ են տրվել, թե ով ինչ պիտի անի։
Պատրաստ են նաև ՔՊ ավագանու անդամների նախնական ցուցակները։

«ՔՊ-ն Գյումրիում մարտական է տրամադրված, պատրաստվում են արտահերթ ընտրություններին։ Սարիկ Մինասյանին հո պատահական չնշանակեցին, հիմա ամեն գնով պիտի քվե ապահովեն, ամեն լծակ օգտագործելու են։
Իրենց խնդիրը մարդ հավաքելն է, ում ասես կգտնես էդ ցուցակների մեջ»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ օրերս նորանշանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում
հայտարարել էր.
«Մենք որպես քաղաքական թիմ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք ընտրություններում: ՔՊ-ն վարչական ռեսուրս օգտագործելու կարիք չունի»:
Նախարարը նաև շեշտել էր, որ ՔՊ-ն հատկապես Գյումրիում վարկանիշի խնդիր չունի։