copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 29-11-2024

Սկանդա՞լ, թե՞ սովորական կոռուպցիա. ո՞վ կվառվի արբանյակի գործով

Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 27-ին հաստատեց, որ 2022-ին տիեզերք բարձրացած Armsat 1 հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ կա։ Այն քննում է Հակակոռուցպիոն կոմիտեն։ Սակայն իրավապահները գաղտնի են պահում կասկածի հիմքերը, չարաշահումների չափերը, պատասխանատուների շրջանակը, պատճառաբանելով, թե արբանյակին առնչվող տեղեկությունները պետական գաղտնիք են։ Ի՞նչ քրեական խնդիրներ կան արբանյակի առնչությամբ։ Սա սկանդա՞լ է, թե համակարգային կոռուպցիայի սովորական դարձած մի պատկեր։

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է վարույթ հարուցելու պատճառը, և ինչ կարգավիճակով է ներգրավված ԲՏԱ նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հայտնի է միայն իսպանական «Սատլանտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանի կարծիքը, թե հսկայական ծավալի տվյալները նպատակային չեն օգտագործվում։ Իսպանացին ընդգծում է, որ տվյալներն արժեք ունեն թարմ վիճակում։ Այսպիսով՝ ակնարկվում է, որ հայերը 7-8 միլիոն դոլարը գցել են ջուրը։ Եթե այդպիսի տվյալները պետությանը պետք են, ապա հարկատուների միջոցներից կրկին 7-8 միլիոն պիտի ծախսենք, որ դրանք ստանանք։ Ենթադրելի է նաև, որ կարծիք է հայտնել նաև ամերիկյան կողմը, որը մեծ ներդրում ունի հայկական արբանյակի գործարկման հարցում։ Այսինքն՝ ենթադրելի է, որ ամերիկացու և իսպանացու ահազանգերն են վարույթ հարուցելու հիմք հանդիսացել։

Զարմանալի է, որ ԲՏԱ նախարարն ու փոխնախարարը հայտարարում են, թե տեղյակ չեն թեմայից, չգիտեն, թե ինչ վարույթ է հարուցված, չեն ընդունում իսպանացի գործընկերոջ քննադատությունը։ Միաժամանակ՝ չեն ներկայացնում փաստեր, որոնք կապացուցեին, որ արբանյակի ձեռք բերած տվյալները նպատակային կիրառվել են։ Այս անգործությունը քողարկում են պետական գաղտնիքով։ Այնինչ՝ արբանյակի հետ կապված ակնկալիքները պարզ ձևակերպված են եղել նախագծում։ Դրանց մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում», - երկու տարի առաջ կառավարության նիստում հայկական արբանյակից այսպիսի մեծ ակնկալիքներ ուներ վարչապետ Փաշինյանը։ Նշված խնդիրների մի մասը պետական գաղտնիքի հետ կապ չունի ու հետաքրքիր է հանրությանը։ Եթե արբանյակի տվյալներով մի բան արված լիներ, ապա դա կներկայացնեին հանրությանը և գործընկերներին։ Իսկ եթե կա աշխատանք, բայց ցույց չեն տալիս, նշանակում է՝ արհամարհում են ժողովրդին ու աշխարհին։

«Ո՞ր մարմինն է հարուցել, և դա վերաբերում է արբանյակի պարամետրերի՞ն, թե՞ միլիարդավոր դոլարների մսխումներին, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում։ Այս անպատասխանատու, անհաշվետվողական, անտեղյակ ձևանալու մոտեցումը հիմք է տալիս կասկածելու, որ Մխիթար Հայրապետյանը անմասն չէ միլիոնավոր դոլարների թեմային։ Իսկ նախկին ԲՏԱ նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը ենթադրաբար՝ նույնպես անցնում է այս վարույթով, ո՛չ փորձում է պաշտպանվել, ո՛չ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Հայտնի չէ նաև, թե ինչ է լինելու, եթե վարույթի շրջանակում մեղադրանք առաջադրվի նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Կարճ ասած՝ այս սկանդալային պատմությունն ունի տեսական երկու ելք։

1. ՀՀ-ն կպարտավորվի վերադարձնել ամերիկյան և իսպանական գործընկերների ներդրումներն ու փոխհատուցել բարոյական վնասը։ Միաժամանակ՝ Վահագն Խաչատուրյանն ու մի շարք պաշտոնյաներ sms կստանան, ազատման դիմում կգրեն ու լուռ կհեռանան, պարտավորվելով վճարել ամերիկյան ու իսպանական գործընկերներին հասանելիք մի քանի միլիոն դոլարի փոխհատուցումը։

2. Քրեական վարույթը հրապարակային բնույթ կստանա, ԲՏԱ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին ու ներկայիս նախարարներ Վահագն Խաչատուրյանը, Մխիթար Հայրապետյանը չեն սպասի sms-ի, այլ օր առաջ կհայտարարեն, որ պատասխանատու են պետությանն ու ժողովրդին պատճառված վնասի համար, ներողություն կխնդրեն ժողովրդից, միջազգային գործընկերներից ու հրաժարական կտան։

Եթե ուզում ենք արդար երկիր համարվել, ապա կընտրվի 1-ն տարբերակը։ Եթե երկրում կա համակարգային կոռուպցիա, ապա 2-րդ տարբերակը բացառվում է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան