Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:07 09-11-2024

Կրկնվող տող կար արանքներում, էդ տողից, կարծես՝ տոկը խփեր․ դարակեսի զավակի նոթերից․ Դավիթ Մուրադյան

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երբ եկավ համալսարան ընդունվելու ժամանակը, հայրս խնդրեց Թատերականում անգլերենի դասեր վարող Տիգրան Հյուսյանին պարապել ինձ հետ, որովհետև օտար լեզվի պարտադիր քննություն կար: Ասաց, - պարապելու է իր տանը:

Կարճահասակ էր, տարեց ու ճաղատ: Տան միջավայրն էլ՝ հետաքրքիր, այդպիսի բնականներ ռետրո ֆիլմերում էի տեսել: Պարապում էր անօրինակ համբերությամբ, իսկ իմ շրջապատի մարդիկ, էլ չասած ծնողք և ազգականներ, համբերությամբ աչքի չէին ընկնում, առավել ևս ինքս:

Զարմացնում էին դասագրքերը: Իսկ ես անգլերենի մի դասագիրք ունեի, ԽՍՀՄ բուհերի համար Մոսկվայում տպագրված, դա էլ տարել էի հետս: Վրան իսկ չնայեց: Գրապահարանի խորքերից հանեց մի երկու հատոր: Կարծես հնատիպ գրքերի ցուցահանդեսից էին բերված: Օքսվորդի հրատարակություններ են, ասաց:

Եկա տուն, շտապեցի կիսել հիացում ու զարմանք: Հայրս ժպտաց. - «Նա եղել է Մյասնիկյանի անձնական թարգմանիչը»: Այսինքն՝ Հայաստանի կառավարության նախագահի: Հայրս շարունակեց. - «Ուսանել է Անգլիայում: Իսկ Մյասնիկյանի մահից հետո նրան ձերբակալել ու աքսորել են՝ օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանքով»:

Ես «չորս» ստացա համալսարանում: Պարապել էինք երեք ամիս: Դա բավական էր, որ ընդունվեի: Մնացած գնահատականները գերազանց էին:

Հիմա ի՞նչ: Այն, որ Երևանն այդպիսի բացառիկ մարդիկ ուներ: Այսօր հազիվ թե լինի մեկը, որ այդ անունը հիշի: Ուստի գրում եմ, որ գիտենան ու հիշեն: Դարակեսի մասին էսքիզներիս նպատակը նաև դա է:

Հիմա՝ հորս ֆրանսերենը: Աճեմյանի ասիստենտն էր Թատերականում: Աճեմյանը կուրսի ղեկավար էր, գալիս էր երկուշաբթի, երբ Սունդուկյան թատրոնը չէր աշխատում: Պարապում էր, փորձեր անում, վարժություններ հանձնարարում: Կարգ է, այդ վարժությունները ասիստենտի վրա, նա է մշակում դրանք ուսանողների հետ:

Խորեն Աբրահամյանը մի օր պատմեց: Հայֆիլմում կրկնօրինակման էինք: Ընդմիջման պես բան էր: Ես, առանց մեծ արտիստի հանգիստը խանգարելու, լուռումունջ սուրճ եմ խմում: Մեկ էլ Խորենը. - «Հայրդ մեզ հետ պարապում էր»: Լավ էր՝ բաժակը ձեռքիցս չընկավ: Շարունակեց. - «Բեմական խոսքի վարժություն: Ոտանավոր էիք կարդալու, հերթով: Պապադ գոհ չէր, ասում էր՝ բրնձում եք, հոգեբանական ալգորիթմ չկա: Խոստիկը ժպտալով ասեց, - դուք կարդացեք, մեզ համար օրինակ: Պապադ ոտքի կանգնեց: Լրջացանք: Սկսեց արտասանել ֆրանսերեն: Իրար նայեցինք, չէինք հասկանում, էնպես էր արտասանում, որ հիպնոսացել էինք: Ու կրկնվող տող կար արանքներում, էդ տողից, ոնց որ՝ տոկ խփեր: Վերջացրեց: Ռիսկ առա հարցրեցի՝ էդ ի՞նչ էր: Պատասխանեց, - Հյուգոյի բանաստեղծության ռեֆրենը՝ թուրքերն անցան էս տեղով»:

Սա եղել է հիսունականների կեսերին: Միայն դրա համար, եթե հասներ համապատասխան տեղ, կարող էին հեռացնել աշխատանքից: Բայց ուսանողներն անմիջապես հասկացել են ու չեն պատմել աջուձախ:

Սա էլ է դարակեսի զավակի նոթերից: Նաև նկատի ունենալով, որ շուտով կնշվի Թատերականի ութսունամյակը»:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար