copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:45 01-10-2024

«ML Mining-ը խաբում է ու բնակարանները սահմանված ժամկետում չի տալիս»․ ընկերությունը պարզաբանում է

«ML Mining ընկերությունը 2021 թվականից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մելիք Մելիքյան 2/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանները պետք է հանձներ շահառուներին 2023 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պայմանագրով ունենալով հնարավորություն բնակարանների հանձնման գործընթացն ուշացնել մինչև 6 ամիս՝ 2024 թվականի հունիսի 30-ը, սակայն մինչ այսօր շահառուներից ոչ ոք չի ստացել բնակարանը, քանի որ համալիրը գտնվում է անավարտ վիճակում։ Փաստացի ML Mining-ը մեզ խաբում ու բնակարանները սահմանված ժամկետում չի տալիս»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նշված հասցեի շահառուներից մեկը։

Նրանցից մեկ ուրիշն էլ պատմեց, որ բնակարանը ձեռք բերելու պայմանագրի մեջ եղել է կետ, որով շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը պարտավորվում է պայմանագրի կետերը չկատարելու դեպքում փոխհատուցել շահառուներին, սակայն, ոչ մի փոխհատուցում չեն ստացել, ավելին՝ կազմակերպությունը շահառուներին հորդորել է դիմել դատարան։

«Երևի վստահ են, որ դատարանում ինչ-որ ձև կհաղթեն, որովհետև մեզ ասել են, որ ենթակապալառուներից մեկը սննկացել է, չնայած, որ դա բնակիչներին ընդհանրապես հետաքրքրիր չէ։ Կարծում ենք՝ այդ հայտարարությունն արել են իրենց ռիսկերի համար»,- հավելեց քաղաքացին։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը հարցում ուղարկեց ML Mining ընկերությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ նախնական փուլում պայմանագրեր ձեռք բերած շահառուների պայմանագրում գրված է, որ պետք է շինարարությունն ավարտվի 2024 թվականի հունիսին, սակայն քաղաքաշինական փաստաթղթերով ավարտը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 14-ին։

Հարցին՝ ինչո՞ւ են հրաժարվում պայմանագրային պարտավորություններից, ընկերությունից պատասխանել են, որ իրենց պարտավորություններից չեն հրաժարվում և չեն հրաժարվել, ավելին՝ առաջնորդվում են շահառուներին ավելին մատուցելու սկզբունքով։

Ընկերությունից նշում են, որ ի սկզբանե պայմանագրում նշված չի եղել, որ բնակարանները հանձնվելու են գազաֆիկացված, ինչպես նաև էլեկտրաֆիկացման բաժանորդագրության համար շահառուները ծախս չեն կրելու։

«Ի թիվս նշվածի՝ առկա են բազմաթիվ այլ հարցեր, որոնք վկայում են այն մասին, որ պակաս չկարևորելով ժամկետի հետ կապված հարցերը, որոնք ի դեպ, ավելի մեծ վնաս են պատճառում ընկերությանը, ընկերությունը երբեք ժամկետում հանձնման հանգամանքը չի գերադասել որակական և ապագա հարմարավետությունն ուղղված հանգամանքներից»,- գրված է պատասխանում։