Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:30 30-08-2024

Սանիկ առ սանիկ. ՀՊՃՀ ռեկտորը շարունակում է լռել Աշոտյանի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռևս իր պաշտոնավարման տարիներին շրջապատված էր իրեն սիրող և հարգող սանիկներով, սակայն, վերջին տարիներին, երբ ինքը գտնվում է անազատության մեջ, նույն սանիկները լուռ են։

Oragir.News-ը փորձեց զրուցել Արմեն Աշոտյանի սանիկներից մեկի, ՀՊՃՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ, պարզելու, թե ի՞նչ գործողություններ է արել, անում կամ պատրաստվում անել քավորի ազատ արձակման համար։

Վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Այս թեմայով եթե կարիք լինի հարցազրույց տալ, ինքս կնախաձեռնեմ: Շնորհակալություն, լավ եղեք»,- պատասխանեց Վարդանյանը։

Արմեն Աշոտյանի դատավարության ընթացքի, քավոր-սանիկ հարաբերությունների մասին Oragir.News-ը զրուցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը օրերս մասնակի բավարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը և վերջինիս կալանքի ժամկետը 1 ամսով կրճատել՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Կան կարծիքներ, որ իշխանությունը Արմեն Աշոտյանին, ավելի քան 1 տարի կալանքի տակ պահելուց հետո, որոշել է նրան սեպտեմբերի 15-ին ազատ արձակել, ինչը կապված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կվատարելիք այցի հետ։

Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Աշոտյանի կալանքի հարցը չէր դիտարկի առավելապես միջազգային իրավական տեսանկյունից։

«Այո, մենք Արմեն Աշոտյանին համարել և համարում ենք քաղբանտարկյալ, դա ամեն օր է հաստատվում, այո, քաղաքական բաղադրիչն այստեղ շատ մեծ է, բայց ես որպես իրավաբան առաջին հերթին պարտավոր եմ իրավական կողմի մասին խոսել։ Այն որոշումը, որը Վերաքննիչ դատարանից մենք ստացել ենք, որով եռամսյա կալանքի 1 ամիսը կրճատվում է, այդ որոշումը պատճառաբանական մասով համարում ենք շատ տրամաբանական, և նույնիսկ ինձ համար զարմանալի է, որ այդպիսի պատճառաբանությամբ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Եվ խոսելով քաղաքական բաղադրիչի մասին ես առաջին հերթին կդիտարկեի հենց ներքաղաքական հատվածը, այլ ոչ թե արտաքին քաղաքական»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով Աշոտյանի սանիկներին՝ մասնավորապես Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանին, որը գործող իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ է և քավորի՝ Արմեն Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու մասին որևէ գրառում մինչ օրս չի արել, քայլեր չի ձեռնարկել ի աջակցություն կնքահոր, Ռուբեն Մելիքյանն ասաց.

«Ինչ վերաբերվում է Արմեն Աշոտյանի սանիկներին, ապա, կներեք, բայց այդ հարցերը իմ իրավասությունից դուրս եմ համարում, և էթիկայից դուրս եմ համարում գնահատելու, թե Արմեն Աշոտյանի սանիկները ինչպես են արձագանքում իրենց քավորի նկատմամբ քաղաքական հետապնդումներին», - եզրափակեց Մելիքյանը։