Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Ա․ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց՝ Հերացու թունելի մեջ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արմեն Հայրապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Մշեցյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ն․ Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Հարությունյանը տեղում մահացել է։
Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատի վրա, իսկ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Երթևեկությունը մի քանի ժամ Հերացու թունելից դեպի Խանջյան փողոց՝ դադարեցվել էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում