copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 31-01-2024

Սպասելիքներ չկան. Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքական կամք չունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում այսօր կկայանա երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այս հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց, որ առանձնակի սպասելիքներ չունի այս հանդիպումից։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը կողմերի ունեցած հռետորաբանությունը և քաղաքական խոսույթը նույնպես վկայում են այն մասին, որ հանդիպումից առանձնակի սպասելիքներ պետք չէ ունենալ։

«Կարծում եմ, որ կլինի այնպիսի նիստ, ինչպես նախորդ բոլոր նիստերն են եղել։ Առավել ևս՝ հայտարարվեց, որ այդ թվում նաև չի քննարկվելու Հայաստանի կողմից վերջերս հնչեցված ականապատված դաշտերի քարտեզների մասին հարցերը, ինչը նշանակում է, որ, ըստ էության, լինելու է նույնաբովանդակ հանդիպում, ինչպես նախորդներն են եղել»,- կարծում է նա։

Հարցին, թե փոխվարչապետների գլխավորած ձևաչափը կարո՞ղ է նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, որից Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խուսափել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը, կամ չստորագրումը կախված է ոչ թե տեխնիկական հարցերից, այլ քաղաքական կամքից։ Նա կարծում է, որ սրանք պարզապես տեխնիկական հարցեր լուծող նիստեր են։

Պողոսյանը փոխվարչապետների մակարդակով անցկացվող բանակցություններն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար որակեց որպես «գծի մեջ մնալու նիստեր»՝ խաղաղության գործընթացը վերջնականապես չտապալելու, հանդիպումներ ունենալու և ինչ-որ հարցեր քննարկելու նպատակով։

«Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար քաղաքական որոշում չի լինի, կողմերը ձգտում են բանակցությունների պատրանք ստեղծել, որոնց նպատակը սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան են։ Ինչպես նշեցի, թե՛ սահմանագծումը, թե՛ սահմանազատումը, թե՛ առհասարակ խաղաղության պայմանագրի ստորագրումը բացառապես քաղաքական կամքի և նպատակների հետ կապված խնդիրներ են, որոնք հենց քաղաքական բարձրագույն մակարդակով կայացվելիք որոշումների արդյունք են լինելու»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե ի՞նչ պայմանների արդյունքում Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրելու քաղաքական կամք կունենա՝ Արա Պողոսյանը պատասխանեց, որ դրա համար կա երկու տարբերակ։ Ըստ նրա՝ տարբերակներից մեկն այն է, որ Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ այլևս հնարավորություն չունի ճնշումների միջոցով, այդ թվում ուժի սպառնալիքի, կամ ուժի ուղղակի կիրառմամբ Հայաստանից զիջումներ կորզել. «Այսինքն՝ կստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը վերականգնած կլինի ռազմական և ռազմաքաղաքական հավասարակշռությունը»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ մյուս տարբերակը, որի դեպքում Ադրբեջանը փաստաթուղթ ստորագրելու քաղաքական կամք կդրսևորի այն է, որ Հայաստանի իշխանությունները որոշեն, որ պետք է ամբողջին բավարարեն այդ երկրի բոլոր տեսակի ցանկությունները։ «Այս երկու իրավիճակն է, որոնց պարագայում Ադրբեջանը պատրաստ կլինի, կամ ստիպված կլինի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ