copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 01-08-2023

Այսպիսի խոսակցություն եղել է․ Տոնոյանը հաստատեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը

ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմից հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ԶՈՒ-ն պատրաստ չէ դիմակայել հակառակորդի ագրեսիան և պնդել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանն ընդգծեց՝ այսպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցն ինքն անձամբ է ստացել: Նա նշեց, որ այս մասով զգույշ պատասխաններ կտա, քանի որ անցնում է դատական գործընթացներով։

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում։ Չգիտեմ՝ որ մասն է հրապարակել ԱԽ-ն։ Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։

Ինձ դուր գար թե ոչ, մենք պարտավոր էինք անմիջապես վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել այդ զեկույցը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեր համար տեսանելի էր: Երրրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- ասաց նա:

Տոնոյանն ընդգծեց, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե Նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ այսպես ասած ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդհամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ասաց նա: