copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 00:01 06-03-2023

12-ամյա Միքելանջելոյի գլուխգործոցը. մի նկարի պատմություն

1475 թվականի մարտի 6-ին, Ֆլորենցիայում ծնվել է իտալական Վերածննդի հանճարեղ անուններից մեկը` քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելո Բուոնարոտին։

Այս առթիվ ձեզ ենք ներկայացնում Միքելանջելոյի գլուխգործոցներից մեկը` «Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» կտավը։ Ի դեպ, մեծն Բուոնարոտին, ով իրեն նկարիչ չէր համարում, իր վաղ շրջանի այս հանճարեղ ստեղծագործությամբ հարստացրել է մարդկության մշակութային ժառանգությունը։



«Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» նկարի հիմքում ընկած է աստվածաշնչյան հայտնի պատմությունը, թե ինչպես անապատում Սուրբ Անտոնիոյի վրա հարձակվում են դևերը և նա ամեն կերպ փորձում է դիմադրել սատանայական գայթակղություններին: Այս թեմայի առավել ընդգրկուն վերնագիրն է` «Սուրբ Անտոնիոյիի գայթակղությունը», որին անդրադարձել են անթիվ-անհամար նկարիչներ։

Նրանց ստեղծագործությունները մեկը-մյուսից հետաքրքիր են ու յուրօրինակ։ Սակայն Միքելանջելոյինը առանձնանում է բոլորից։ Արվեստի պատմության մեջ այս աշխատանքը համարվում է Միքելանջելոյի առաջին հայտնի նկարը, քանի որ հանճարեղ արվեստագետն այն նկարել է 1487-1488 թվականներին, երբ ընդամենը 12 -13 տարեկան էր։

Միքելանջելոն իր «Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» կտավը ստեղծելիս ոգեշնչվել է գոթական շրջանի մի գեղեցիկ փորագրությունից, որի հեղինակն է 15-րդ դարի գերմանացի նկարիչ Մարտին Շոնհաուերը։



Վերածննդի նկարիչն, իհարկե, զգալիորեն «ուղղել» ու ձևափոխել է իր ոգեշնչման աղբյուրը՝ հարստացնելով գունային գամման, լրացնելով ու կատարելագործելով ֆոնը, որը լիովին բացակայում է փորագրության մեջ։ Բացի այդ, Բուոնարոտին փոխել է Անտոնիոյի դեմքի արտահայտությունը, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձրել մանրամասներին։ Ասում են, պատանի նկարիչն այս նկարի վրա աշխատելիս, հաճախ է գնացել շուկա, ուսումնասիրելու ձկան թեփուկները, որոնցով պատել է դևերից մեկին։

Հետաքրքիրն այն է, որ դարեր շարունակ այս նկարը վերագրվել է Դոմենիկո Գիրլանդայոյին, ում աշակերտել էր Միքելանջելոն։ 2008 թվականին Սոթսբիի աճուրդում այս աշխատանքը վաճառվել է երկու միլիոն դոլարով։ Նման ցածր գինը հավանաբար կապված է եղել «սխալ» հեղինակի անվան հետ։ Այս աճուրդից հետո նկարը տեղափոխվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, որտեղ մաքրվելուց ու փորձագիտական ​​ուսումնասիրությունների ու զննումների ենթարկվելուց հետո պարզվել է, որ այն Միքելանջելոյի վրձնածն է։ Այս դեպքից կարճ ժամանակ անց, կտավը կրկին հայտնվեց շուկայում, բայց արդեն որպես Միքելանջելոյի աշխատանք։ Շատ արագ Տեխասի Քիմբելի արվեստի թանգարանը այն գնեց չբացահայտված գումարով: Թեև մասնագետների ենթադրությամբ նկարի գինը գերազանցել է վեց միլիոն դոլարը։

Արվեստաբան ու Միքելանջելոյի կենսագիր Ջորջիո Վազարին և գրող Ասկանիո Կոնդիվին իրենց գրվածքներում «Սուրբ Անտոնիոյի չարչարանքները» համարում են որպես առանձնահատուկ ու կատարյալ ստեղծագործություն: Եվ դա չափազանցված չէ, քանի որ պատանի Միքելանջելոն, չունենալով ոչ մասնագիտական ​​կրթություն, ոչ փորձ, ստեղծել է մի գլուխգործոց, որն այս պահի դրությամբ համարվում է ամենաթանկարժեք «մանկական» արվեստի գործը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում