copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:02 20-02-2023

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ. Արայիկ Հարությունյան

Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նաև ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:

Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին