copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:25 19-12-2022

Իրանը կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել Հայաստանին

Թուրքական իշխանամետ «Milliyet» պարբերականը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել։ «Իրանը կարող է անօդաչու սարքեր վաճառել Հայաստանին. Խաղ կրակի հետ Կովկասում» խորագրով հոդվածը հայտնում է, որ Թեհրանի վարչակազմը այս «վտանգավոր քայլով» փորձում է կոտրել Թուրքիա-Ադրբեջան առանցքը։

Պարբերականը հիշացրել է, որ «Al Jazeera»-ն դեռևս 2022 թվականի օգոստոսին հոդված է հրապարակել, որի համաձայն Իրանում անօդաչու թռչող սարքերի մրցաշար է անցկացվում։ Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը, որոնք հետաքրքրված են իրանական անօդաչուների ձեռքբերմամբ։

Նոյեմբերի վերջին մեկ այլ հրապարակում հայտնվեց ամերիկյան «Forbes»-ում, որը մեկնաբանելով իրանական անօդաչու թռչող սարքերի ժամանումը Հայաստան և Սերբիա՝ նշել է, որ դրանք կարող են հանգեցնել ռազմավարական հետևանքների, որոնք կճյուղավորեն խնդիրները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում։ «Forbes»-ը հիշեցրել է նաև, որ Հայաստանը բախվել է իրենից ավելի ուժեղ մրցակցի՝ Ադրբեջանին։

Ծովային վերլուծության կենտրոնի գիտաշխատող Սամուել Բենդետը «Forbes»-ին նշել է, որ Հայաստանը ուղիներ է փնտրում Թուրքիա-Ադրբեջան ամրապնդվող դաշինքին հավասարակշռելու համար։ Նա շեշտել է թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի դերը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում, ինչը Հայաստանի համար անակնկալ է եղել։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը անհանգստանում են Թուրքիա-Ադրբեջան դաշինքից։ Նա կարևորել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին վերջին երկու տարիներին անցկացվող զորավարժությունները։

Բենդետի համոզմամբ՝ Հայաստանն իրանական «Shahid-136» կամիկաձե անօդաչու սարքերով կարող է մարտահրավեր նետել Ադրբեջանին և նույնիսկ Թուրքիային։

Թուրքական իշխանամետ պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանը Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական ուժերի նկատմամբ կարողացավ առավելության հասնել թուրքական «Bayraktar TB2» տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով։

«Իրանը, որը գտնվում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու վտանգի տակ, Հայաստանին խրախուսելով փորձում է արգելափակել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները։ Թեհրանի վարչակազմը, որը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի նախագծի հետ կապված, որն ուղղակիորեն կմիացնի Ադրբեջանը և Նախիջևանը»,- գրում է պարբերականը։

Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը հայտարարել է, որ Իրանը եվրասիական շուկա զենք արտահանելու ուղիներ է փնտրում, որի համար Հայաստանը առանցքային նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ այս քայլով Թեհրանի վարչակազմը ցանկանում է իրեն դիրքավորել որպես հնարավոր զսպող միջոց Թուրքիա-Ադրբեջան դաշինքի դեմ։

Շահբազովը հավելել է, որ Իրանը, հնարավոր է Հայաստանին «Շահիդ-136» տեսակի անօդաչու թռչող սարքեր տրամադրի, որի հիմնական նպատակը Թուրքիա-Ադրբեջան առանցքը կոտրելն է։






Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան