copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:32 26-11-2022

Ադրբեջանն անկեղծորեն չի կիսում մեր խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյան

2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց, ԵԱՀԿ ԽՎ-ում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:

Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը: Այսպիսով, որո՞նք են Ադրբեջանի հիմնավորումները նման բացահայտ գործողությունների համար:

1. Այս գործողությունները Հայաստանի մտացածին ռազմական սադրանքների արդյունք էին:
2. Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատված սահման չկա (գործնականում ենթադրում է, որ երկրների միջեւ գոյություն չունի սահման), ուրեմն որեւէ մեկին ներխուժման մեջ մեղադրելու հիմք չկա:

Բացի այն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս անհիմն մեղադրանքների զուտ գործնական կողմի վրա: 2010 թ. մինչեւ 2021 թ. ներառյալ՝ Ադրբեջանի միջին ռազմական բյուջեն վեց անգամ գերազանցել է Հայաստանինը: Այսպիսով, այն, ինչին հավատալ ձեզնից ակնկալում են Ադրբեջանի մեր գործընկերները, այն է, որ իրենցից առնվազն 6 անգամ փոքր բանակը շարունակաբար ներգրավված է ռազմական սադրանքների մեջ: Սա վիրավորական է տրամաբանության եւ բանականության համար:

Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն էլ ավելի անհեթեթ է եւ, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր տեսանկյուն: Որովհետեւ, եթե երկու երկրների միջեւ սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում:

Հարգելի՛ գործընկերներ, ես կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար, բայց, ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը: Ուստի մենք կհամոզվենք, որ ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերները պատշաճ կերպով տեղեկացված լինեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ագրեսիվ գործողություններին», - ընդգծել է Էդուարդ Աղաջանյանը:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները