«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը եւ վարչության կազմի ընտրությունը շարունակում է մնալ ներկուսակցական քննարկումների թիվ մեկ թեման: Ընտրության արդյունքները շատերի համար անսպասելի էին եւ խիստ ցավալի: Ոմանք նեղված են իրենց կուսակիցներից ստացած քիչ ձայների համար:
Մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեփական կուսակիցների շրջանում անգամ մեծ վարկանիշ չունի, ընդամենը ստացել է 508 ձայն: Այսինքն՝ մարդ, ում անգամ սեփական քաղաքական թիմում չեն համակրում, խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ խոսնակի պաշտոն է զբաղեցրել: Անսպասելիորեն ԱԺ խոսնակից շատ ձայներ են ստացել Գեւորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը: Վարչության կազմում հայտնվել են անգամ Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթեւոսյանը, նախկին լուսավորական Հայկ Կոնջորյանը:
Շոկային քիչ ձայն է ստացել նաեւ Ռոմանոս Պետրոսյանը: Երկրորդ շոկը մի շարք հնաբնակների վարչության կազմում չընդգրկվելն էր: Ամենից վատ վիճակում Արսեն Թորոսյանն է, ում, մեր տեղեկություններով, 10- 20 ձայն չի բավարարել ընտրվելու վարչության անդամ:
Յուրայինների շրջապատում նա նեղսրտել է, թե այդքան քարոզչություն է իրականացրել, հրապարակային հարթակներում համարձակորեն անդրադարձել խնդրահարույց թեմաների՝ հերոսաբար դիմանալով քննադատությանը, սվինները միայնակ ընդունելով, մինչդեռ թիմակիցները չգնահատեցին իր վեհանձնությունը, նվիրվածությունը:
Իսկապես, երախտամոռ գտնվեցին ՔՊ-ականները, վերջին 1-2 ամսվա ընթացքում ինչքան հայհոյանքների, վիրավորանքների ասես Թորոսյանը արժանացավ՝ իր գրառումների համար՝ հանրային, քաղաքական օրակարգերը շեղելով, իր ֆոնին մյուս ՔՊ-ականներին ավելի ընդունելի դարձնելով:
Նշենք, որ նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գեւորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթեւոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) եւ Ռոմանոս Պետրոսյան (386)։
Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ։ ՔՊ վարչության կազմից դուրս են մնացել Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Փամբուխչյանը: Հին կազմից Լիլիթ Մակունցը դուրս է եկել կուսակցությունից եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, Վահագն Հովակիմյանն էլ վերջերս լքեց կուսակցությունը եւ դարձավ ԿԸՀ նախագահ:
Նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը այս անգամ վարչության անդամության հայտ չներկայացրին, փոխարենը կրկին թեկնածություն էին ներկայացրել, բայց դուրս մնացին նախորդ ղեկավար մարմնի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Արմեն Փամբուխչյանը եւ Մխիթար Հայրապետյանը։