Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:30 05-10-2022

Գլխավոր դատախազը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու օրակարգը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին ժողովրդավարական զարգացումների համատեքստում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ:

Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին աջակցող երկրի գործընկերների հետ համագործակցության օրակարգը զարգացնելու պատրաստակամություն ունի: Այդ համատեքստում ընդգծվել է դեսպանության ներդրումը Հայաստանի դատախազների մասնագիտական որակավորման զարգացման գործընթացում:

Դեսպանի խնդրանքով, գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները, դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացումն ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը:

Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի»:

Այս առումով Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և պետք է պահպանվի հրադադարը:

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազ Վարդապետյանը և դեսպան Թրեյսին քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը