copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 17:00 31-08-2022

Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՖՖ-ի «գլխացավանք»․ անարժանների թագավորության կորսված գանձը

Ֆուտբոլային գաճաճ պետությունները երազում են Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենալ, որպեսզի որոշ չափով ներկայանալի լինեն աշխարհի ֆուտբոլային քարտեզին։

Մխիթարյանը Հայաստանի պատմության ամենաաշխատասեր, ամենակիրթ, ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այնպես չէ, որ այս մասին ֆուտբոլային իրական ընտանիքի անդամները խոսում են Հենրիխի՝ ազգային թիմում կարիերան ավարտելուց հետո։ Մխիթարյանը, պետք է կրկնել՝ իրականների կողմից մշտապես հարգված, գնահատված և սիրված է եղել։

Մարտին Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընտրանու կազմում ավարտեց կարիերան։ ՀՖՖ-ի պարոնները մինչև այժմ որևէ քայլ չեն կատարել Մխիթարյանին վերադարձնելու համար։ Եւ դա առավել քան տարօրինակ է։ Հայաստանի հավաքականում այժմ չկա Մխիթարյանի խաղամակարդակին անգամ մոտ ֆուտբոլիստ։ Հենրիխը, տեղափոխվելով «Ինտեր», հերթական անգամ ապացուցել է, որ եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված խաղացողներից մեկն է և դեռևս շատ վաղ է իր էջը փակելու համար։ Իսկ իր էջը փակել է միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հետխորհրդային երկրներից յուրաքանչյուրը, անգամ Ռուսաստանը, կերազեին իրենց հավաքականում ունենալ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ, ով աշխատասիրության վառ օրինակ է ֆուտբոլով զբաղվող յուրաքանչյուր երեխայի համար։ Շատ են դեպքերը, երբ ֆուտբոլային գաճաճ պետությունները իրենց միակ աստղին պարզապես «փայփայում են», գնահատում ըստ արժանվույն, ինչի շնորհիվ էլ հավաքականը փոքրիշատե հաջող արդյունքներ է գրանցում։ Եթե ԲԿՄԱ-ի որևէ ֆուտբոլիստ հավաքականներից մեկում կարիերան ավարտելու որոշում կայացներ, ՀՖՖ-ն միգուցե բոլոր լծակներն օգտագործեր այդ ֆուտբոլիստին վերադարձնելու համար, քանի որ մեկ յուրայինի կորուստը ՀՖՖ-ում լուրջ դեմքերով գործունեություն ծավալողների համար մեծ բաց կլինի․․․

Երեկ կայացավ «Armenian Soccer Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթած Հենրիխ Մխիթարյանի մրցանակը ոչ ոք չվերցրեց․․․ այնինչ ՀՖՖ-ի պարոնները անվերջ ծափահարում էին ազգային առաջնության լավագույններին և շնորհավորանքի բարձրագոչ խոսքեր հնչեցնում։

Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ի օրոք Հայաստանի հավաքականը կրել է իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Թեկուզ այդ օրվանից հետո պետք էր ամեն ինչ մի կողմ դնել և գոնե փորձել Մխիթարյանին վերադարձնել, սակայն ֆուտբոլային գահին բազմած պարոնը լուռ է, ինչպես լուռ է նրա ընկերը ազգային այլ զարդեր կորցնելուց հետո․․․

Նախորդ առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ն ՀՖՖ-ի համար ուղենշային կետ է։ Ոչ միայն ԲԿՄԱ-ն, նաև տարբեր տարիքային հավաքականները, որոնք պրոյեկտված են հենց ԲԿՄԱ-ի վրա։ Այն նույն հավաքականները, որոնք խայտառակ արդյունքներ են ցույց տալիս, պարտությունը պարտության հետևից, իսկ ֆուտբոլիստների մոտ արդեն 2-3 տարի է՝ պարտվողի հոգեբանություն է ձևավորվել։ ՀՖՖ-ն մշտապես այդ ֆուտբոլիստների թիկունքին է, բավարարում է այդ ֆուտբոլիստի պահանջները։ Իսկ Մխիթարյա՞նը․․․ Մխիթարյանը, ցավոք, գլխացավանք էր ՀՖՖ-ի համար․․․

Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի այս ղեկավարության օրոք հեռացել է հավաքականից և հաստատապես չի վերադառնա։ Ազգային ֆուտբոլին պատուհասած աղետները շարունակվում են, և շարունակվում են առանց Հենրիխի, որին հավաքականն իրապես արժանի չէր․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից